Թուրքիայում 20-ամյա աղջիկը կրթություն չունենալով 1 տարուց ավելի աշխատել է հիվանդանոցում՝ որպես բժիշկ

Թուրքիայում 20-ամյա աղջիկը ձերբակալվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա հանրային հիվանդանոցում որպես բժիշկ է աշխատել՝ չնայած, որ երբեք համապատասխան կրթություն չի ստացել, գրում է Oddity Central-ը: 

Այշե Օզքիրազի ընտանիքը միշտ ցանկացել է, որ նա բժիշկ դառնա, ուստի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա հանձնել է բժշկական քոլեջի քննություն, սակայն չի ընդունվել։  

Բայց նա չի ցանկացել հիասթափեցնել իր հարազատներին, ուստի իր անհաջողությունը խոստովանելու և առաջ անցնելու փոխարեն, նա ընտանիքին խաբել է, որ ընդունվել է հեղինակավոր Կապայի բժշկական համալսարան և սովորում է բժիշկ դառնալու համար: Նա նույնիսկ կեղծել է իր քննության միավորներն ու գրանցման թերթիկները, որպեսզի ծնողները չկասկածեն, բայց սա նրա ստերի միայն սկիզբն էր, գրում է աղբյուրը: 

«Երբ ես ավագ դպրոցի աշակերտ էի, ծնողներս ցանկանում էին, որ ես սովորեմ բժշկական քոլեջում։ Մտածում էի, որ բարձր միավորներ կհավաքեմ։ Բայց ես բավականին միավորներ չստացա բժշկական քոլեջ ընդունվելու համար: Երբ ընտանիքս ուզում էր տեսնել քննության արդյունքների փաստաթուղթը, ես կեղծ քննության արդյունքի փաստաթուղթ պատրաստեցի և ցույց տվեցի այն»,- պատմել է աղջիկը։ 

Սակայն երիտասարդ աղջիկն ավելին է արել, քան պարզապես ստել է իր ընտանիքին, նա սկսել է ստել բոլորին: Նա բնակություն է հաստատել Ստամբուլի հանրակացարանում և մարդկանց ասել է, որ ուսանող է: Նա նաև տպել է կեղծ ուսանողական անձը հաստատող փաստաթուղթ և սկսեց շրջել Կապայի բժշկական համալսարանի շուրջ՝ շփվելով իրական պրակտիկանտների հետ: 

Մի օր, երբ նրա մայրը հիվանդացել է և պետք է տեղափոխվեր Թեքիրդաղ քաղաքի հիվանդանոց, Այշեն տուն է եկել՝ ծնողի մոտ և սկսել է հիվանդանոցի աշխատակիցներին ասել, որ ինքը բժիշկ է։ Նա նաև ստել է իր տարիքի մասին՝ պնդելով, որ 25 տարեկան է, չնայած ընդամենը 20 տարեկան է եղել, և օգտագործել է կեղծ համալսարանի ուսանողական քարտեր, բժշկի նույնականացման քարտեր: 

Հիվանդանոցի անձնակազմի վստահությունը շահելուց հետո Այշե Օզքիրազին առաջարկվել է աշխատել այնտեղ, և նա օգտվել է այդ հնարավորությունից՝ չնայած երբեք չի սովորել, առավել ևս բժշկությամբ չի զբաղվել: 

«Ժամանակի ընթացքում ձեռք բերեցի հիվանդանոցի բժիշկների սերն ու վստահությունը։ Գլխավոր բժիշկը, որին ասացի, որ ուզում եմ մանկական վիրաբույժ դառնալ, ինձ նույնիսկ վիրահատության մեջ ընդգրկեց։ Վիրահատության ժամանակ նա ինձ ասաց, որ վերքը կարեմ», - ասել է Օզքիրազը։ 

Ի վերջո, Թեքիրդաղի հիվանդանոցի իրական բժիշկները սկսել են կասկածել, քանի որ նա անընդհատ խուսափում էր հիմնական բժշկական հարցերին պատասխանելուց կամ պարզապես սխալ էր պատասխանում։ Երբ համոզվել են, որ նա ստում է, աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ 

Այշե Օզքիրազի վարձակալած բնակարանը խուզարկելիս ոստիկանները հայտնաբերել են Թուրքիայի մի քանի հիվանդանոցներից մի քանի կեղծ նույնականացման քարտեր, կեղծ փաստաթղթեր և բժշկական համազգեստ։ Նա ձերբակալվել է և ի վերջո խոստովանել, որ ավելի քան մեկ տարի ներկայանում էր որպես բժիշկ:

Քաղաքականություն