Արցախում ժողովուրդը պիտի սովամահ լինի նո՞ր Ադրբեջանի դեմ սանկցիա կիառեն․ Բաբայան

 Ոչ մի օգնություն չի մտնում Արցախ։ Ազգային ժողովում մենք խոսում էինք այն մասին, որ հնարավոր է Գորիսի հատվածից Եղծահող ինչ-որ օգնություն գնացած լինի, այն էլ ասել ենք, որ պետք է ճշտել․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի ժ/պ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ համացանցում զետեղված տեղեկությունները, թե օգնություն է մտնում Արցախ, իրականության հետ աղերսներ չունեն։ 

 

Ավելի վաղ համացանցում կադրեր հրապարակվեցին, որոնցում երեւում էր՝ ինչպես են ադրբեջանցիները տեղաշարժում իրենց վրանները՝ խաղաղապահների բեռնատարների ճանապարհը ազատելու համար: Ադրբեջանական մամուլի մանիպուլացիայի արդյունքում հայկական լրատվադաշտը եւս սկսեց գրել, որ խաղաղապահների բեռնատարները անցնում են Լաչինի միջանցքով, որպեսզի հումանիտար օգնություն հասցնեն ադրբեջանցիների կողմից արդեն 10 օր շրջափակման մեջ հայտնված արցախցիներին։ Հետո պարզվեց, որ բեռնատարների մեջ առկա ապրանքը ռուս խաղաղապահների համար է, ոչ թե արցախցիների։ 

 

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ Արցախի շրջափակումը եւ պաշարումը շարունակվում է։ 

 

«Առ այսօր մենք այդ վիճակում ենք՝ ամբողջությամբ կտրված արտաքին աշխարհից և Մայր Հայաստանից։ Մեր ժողովուրդը կանգնած է մարդասիրական աղետի առաջ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախին առնչվող քննարկումներից հետո մեզ համար պարզ է, որ նաեւ միջազգային հանրությունն է սկսել հատուկ ուշադրություն դարձնել իրավիճակին։ Պատահական չէ, որ գրեթե բոլոր անդամ երկրները հանդես են եկել շատ կոշտ հայտարարություններով, հասկանալով, թե ինչ ծանր մարդասիրական իրավիճակում է հայտնվել Արցախը»,-ասաց Բաբայանը։ 

 

Հետաքրքրվեցինք՝ ՄԱԿ-ի երեկվա նիստում արված հայտարարությունները արդյո՞ք գոհացնող են, այդ կոչերից հետո Ադրբեջանը կդադարեցնի՞ իր ցեղասպան քաղաքականությունը, թե՞ դրանք միայն երկու կողմերին ուղղված չեզոք հայտարարություններ էին, որոնք դիտարկվում են իբրեւ օդում ասված խոսքեր, քանի որ հատուկ շեշտադրում չէր արվում Ալիեւի ու Ադրբեջանի կառավարության վրա։

 

«Այն, որ Արցախի հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդում, ինքնին կարևոր է։ Մենք տեսանք, որ բազմաթիվ երկրներ շատ կոշտ արձագանքեցին՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել պաշարումն ու շրջափակումը, ինչը մեզ համար կարեւոր է։ Հիմա սպասում ենք հետեւանքներին։ Այն, որ միջազգային կառույցներից ամենակարեւոր մարմինն է նման կոչերով հանդես գալիս, արդեն մեծ քայլ է։ Եթե Ադրբեջանը որեւէ ձեւով չարձագանքի ՄԱԿ անդամ երկրների կոչերին, ապա մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը հարցին կմոտենա այլ տեսանկյունից»,- նշեց Բաբայանը։ 

 

-Այսինքն միջազգային հանրությունից ակնկալում եք պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՞։ 

-Դա անհրաժեշտ է։ Ի՞նչ է, պետք է պատժամիջոցներ կիրառեն միայն այն ժամանակ, երբ Արցախի ժողովուրդը սովամա՞հ լինի: Եթե այո, ապա դրանից հետո մեզ պետք չի լինի պատժամիջոցներ։ 

Ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Արթուր Մոսիյանն էլ էր ասել, որ ոչ՛ Ամերիկան է օգնում, ո՛չ Ռուսաստանը, որեւէ հումանիտար օգնություն չի մտնում Արցախ։

 

«Հումանիտար օգնության մասին խոսողները պարզապես Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում, թե տեսեք՝ հումանիտար աղետ չկա»,-ասել էր նա։ 

Քաղաքականություն

Պատահարներ