ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեյրան Օհանյանը լիազորագիր է տվել վաճառելու` զորամասի տարածքներից մեկը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն այսօր քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի` Սերյան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագիրը:

 

Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները (զորամասի շտաբ՝ 252,8 քմ մակերեսով, զորանոց՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարան՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինություն, ծածկ, ակումբ, կաթսայատուն, սանհանգույց և հսկիչ անցագրային կետեր), անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով, փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում՝ որպես սեփականություն, գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելիությունը:

 

ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով:

 

Մասնավորապես՝

 

Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 11.07.2005 թվականի թիվ 34 և 35 որոշումներով.

 

Կադաստրի կոմիտեից առգրավված կադաստրային թիվ 12010452 և 12058124 գործերի զննությամբ.

 

Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական տարածքից առգրավված «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասերի հողատարածքների և դրանց վրա առկա շենք-շինությունների օտարման վերաբերյալ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի վավերացման մասին նոտարական գործերում առկա փաստաթղթերի զննության մասին արձանագրությամբ:

 

Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց։

Քաղաքականություն