ԱՄՆ-ի երկնքում խոցված չինական օդապարիկը համալրված է եղել հետախուզական սարքավորումներով. NYT

ԱՄՆ-ի երկնքում կործանված չինական օդապարիկը համալրված է հետախուզական և տվյալների հավաքագրման սարքավորումներով։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի փաստաթուղթը։

 

Lockheed U-2 հետախուզական ինքնաթիռները կարողացել են լուսանկարել օդապարիկը, երբ այն գտնվում էր օդում, և նրանց վերլուծությունը ցույց է տվել սարքավորումների առկայություն, այդ թվում՝ հետախուզական հսկողության ալեհավաքներ։  

 

Բացի այդ, այս սարքավորումը չի համապատասխանում օդերևութաբանական օդապարիկների վրա տեղադրվածին: 

 

The Hill-ը, վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին, պարզաբանել է, որ այդ ալեհավաքները, հավանաբար, կարող են ազդանշաններ ստանալ և որոշել օբյեկտների գտնվելու վայրը:  Թե ինչ տվյալներ է հավաքել օդապարիկը, դեռ հայտնի չէ։  ԱՄՆ-ը մտադիր է ուսումնասիրել օբյեկտի տեխնոլոգիան։ Ըստ Bloomberg-ի, այն ունեցել է արևմտյան արտադրության բաղադրիչներ՝ անգլերեն մակագրություններով։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Պենտագոնը հայտարարեց Միացյալ Նահանգների օդային տարածքում հետախուզական օդապարիկի հայտնաբերման մասին:  Ավելի ուշ Չինաստանը պաշտոնապես ճանաչեց, որ դա իրենց քաղաքացիական օդապարիկն է, որը քամու պատճառով պատահաբար շեղվել է երթուղուց։

 

Փետրվարի 4-ին Հարավային Կարոլինա նահանգի երկնքում ԱՄՆ զինվորականները խոցեցին սարքը։

Քաղաքականություն

Պատահարներ