ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևանից Ապարան ճանապարհը կաթվածահար է, կիլոմետրերով հերթեր են կուտակվել». վարորդներն ահազանգում են

 Аuroranews.am-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից այն մասին, որ Երևանից դեպի Ապարան ճանապարհին, քաղաք չմտած մոտ 1կմ ճանապարհահատվածում, խոշոր խցանում է: Ինչպես վարորդն է հաղորդում` ավելի քան մեկ ժամ կանգնած է խցանման մեջ, մեքենաները չեն շարժվում: 
 

«Երևանից Ապարան ճանապարհը կաթվածահար է, կիլոմետրերով հերթեր են կուտակվել: Ապարանից ևս դեպի Երևան գնացող մեքենա էլ չկա, որ հնարավոր լինի հասկանալ, թե որն է խցանման պատճառը, կիլոմետրերով կանգնած ենք: Վարորդները ոչինչ չեն հասկանում: Վառելիքը վերջանում է, փորձում են շրջվել ու հետ վերադառնալ Երևան, արդյունքում` երկկողմանի խցանում է ստեղծվում»,- հայտնեց վարորդներից մեկը:

 

Մեզ փոխանցված տեսանյութում երևում է, որ խցանման մեջ տասնյակ բեռնատարներ և մարդատար մեքենաներ են: Վարորդը շրջվել է ու փորձում է վերադառնալ Երևան: Ընթացքից արված կադրերում դեպի Ապարան ուղղությունը կաթվածահար է:

 

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Auroranews.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը եղանակային պայմաններն են և բեռնատարների, ինչպես նաև մարդատար ավտոմեքենաների մեծ հոսքը: Աշխատանքներ են տարվում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:

 

Քաղաքականություն

Պատահարներ