Բայրամովը` Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին

 Ռուբեն Վարդանյանի թիկունքում կանգնած մարդիկ հասկացան, որ «Վարդանյանական նախագիծը» չի աշխատի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում են ադրբեջանական լրատվականները։

 

«Առաջին օրվանից մենք ասում ենք, որ պատրաստ ենք խոսել Ղարաբաղի հայ բնակչության հետ, դրական արդյունքներ եղան։ Բայց այն մարդը, ով դրսից Ղարաբաղ է եկել կամ ներս են ուղարկել՝ ուրիշի խաղեր խաղալով, չի կարող մեզ համար բանակցային կողմ լինել։ Նրա թիկունքին կանգնած մարդիկ հասկացան, որ «Վարդանյանական նախագիծը» չի աշխատի»,- ասել է Բայրամովը։

 

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:

 

Նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Հարությունյանը Պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։

 

Քաղաքականություն