Եթե խաղաղության պայմանագիրն այս տեսքով ստորագրվի, Արցախը վերածվելու է Նախիջևանի. Օսկանյան

 Հիմնավոր փաստ կա, որ Հայաստանի իշխանությունները այս պահին բանավոր, ինչ-որ տեղ նաև փաստաթղթային, որի վկայությունն է Պրահայի եռակողմ հայտարարությունը, համաձայնություն են տվել, որ Արցախը լինի, մնա Ադրբեջանի կազմում, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

 

«Սա շատ վտանգավոր հանգամանք է: Դա իր միջազգային ճանաչումն է ստանալու, երբ ստորագրվի,  այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը: Այն, ինչ կտարվում է այսօր դիվանագիտական հարթությունում, Հայաստանը՝ համագործակցությամբ Ադրբեջանի ու միջնորդների, փորձում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն տալ մի այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի այս հանգամանքը: Այսօր այդ դիվանագիտական աշխատանքն է գնում: Եթե դա իրենց մոտ ստացվի, դա կներկայացնեն որպես ձեռքբերում»,- նշեց Օսկանյանը:

 

Ըստ նրա`այս փաթեթավորումը երկու դրսևորում ունի՝ մեկը լեզվական-բովանդակային, մյուսը՝ ոճային-PR-ային։

«Այստեղ ՀՀ իշխանությանը շատ դժվար կլինի լղոզել, փաթեթավորել կամ քողարկել հենց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը: Պարզ է, որ Ադրբեջանը կպարտադրի, որ սևով սպիտակի վրա այդ հարցը հստակ ձևակերպվի խաղաղության պայմանագրում: Քողարկումը վերաբերելու է նրան, որ այնտեղ դրույթ է լինելու՝ իբր, հակառակ նրան, որ Հայաստանը ընդունում է, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի, բայց երկխոսություն է լինելու Արցախի հայության ու Բաքվի միջև, որը տպավորություն է ստեղծելու, թե Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու ու, իբր, այդ պատուհանը բաց է թողնվում», - ընդգծեց Օսկանյանը:

 

Նա հայտարարեց, որ եթե այդ պայմանագիրը ստորագրվի այն բովանդակությամբ, որն ինքը նկարագրեց, այն պահին, երբ այդ փաստաթուղթը ստորագրվի, Արցախը կվերածվի Ջավախքի:

 

«Բայց Ջավախքի ու Արցախի տարբերությունը այն է, որ մի քանի տարի հետո Արցախը վերածվելու է Նախիջևանի»,- ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարարը:

 

Անդրադառնալով ոճային-PR-ային փաթեթվարովմանը՝  նա ասաց, թե սրա տակ երկու գործոն է՝ անխուսափելիության ու այլընտրանքի բացակայության հիմնավորումները:

«Ես ժխտում եմ այդ թեզը, որով իշխանությունը արդարացնում է իր անզորությունը, անգործությունն ու ձախողումները: Ասում են՝ պատերազմ եղավ, որն անխուսափելի էր, որովհետև վատ ժառանգություն էինք ստացել: Պարտվեցինք, անխուսափելի էր, որովհետև բանակ չունենք, այսօր անխուսափելի է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, որովհետև այլընտրանք չկա: Այս  երեքն էլ սին ու սուտ թեզեր են»,-հավելեց Օսկանյանը:

Քաղաքականություն

Պատահարներ