Կենդանաբանական այգին տեղափոխում են, իսկ այգու կառավարման խորհուրդը տեղյակ չէ․ ԶԼՄ

Երևանի կենդանաբանական այգու տեղափոխումն այլ տարածք ժամանակատար, ծախսատար և ոչ նպատակահարմար նախագիծ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց WWF Հայաստանի տնօրեն, այգու կառավարման խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանը։

 

Նշենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Կենդանաբանական այգին տեղափոխելու և կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր կա, որի համար դիտարկում են «Երևան Պարկի» հարակից տարածքը։

 

Պարզվում է` Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդում տեղյակ չեն, որ այգին տեղափոխելու ծրագիր կա, խորհրդի հետ որևէ քննարկում չի եղել։ Այս նախաձեռնության մասին տեղեկացան մեր հեռախոսազանգից։

 

«Տարօրինակ է, որ մեզ հետ չեն քննարկել։ Թե ովքեր են խորհուրդ տվել քաղաքապետարանի պաշտոնյաներին, ես չգիտեմ, բայց լավ կլիներ հենց խորհրդում այդ հարցը քննարկվեր` խորհրդի անդամների և մասնագետների հետ։ Որովհետև դա միայն տարածքի հարց չէ, դա նաև կենդանիների ապրելու, խնամքի հետ կապված հարցեր են, որոնք պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրել։ Եվ մոտավորապես հաշվել` ինչքան կարժենան այդ ծախսերը»,– ասել է Մանվելյանը։

 

Նա ևս չժխտեց, որ այգու պայմանները թույլ չեն տալիս կենդանիներին ավելի բաց պահել` վանդակներն են փոքր։ Այդ ուղղությամբ իրենք արդեն վերափոխման մոտեցումներ ունեն և փորձում են այնպիսի պայմաններ ստեղծել, որտեղ կենդանին կգտնվի իր բնական պայմաններին ավելի մոտ վիճակում։

 

Սակայն ընտրված տարածքն էլ, խորհրդի նախագահի կարծիքով, լավագույն տարբերակը չէ այգու տեղափոխման համար. այնտեղ կա ջրի խնդիր, իսկ այգին պետք է ունենա իր ջրային ավազանները և ջրային ռեսուրսները։ Եվ ամենակարևորը` ընտրված տարածքը հարթավայրային է և կենդանիների համար կարող է անհարմարություններ ստեղծել։

 

Փոխարենը միջազգային փորձագետները և մասնագետներն են փաստել` գործող այգին ունի կենդանիների բնական կենսապայմաններին մոտ լանդշաֆտ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Քաղաքականություն