ԿԲ–ից հրահանգ է եկել. հայաստանյան բանկերը մերժում են արտերկիր գումար փոխանցել. Ճզմաչյան

Միջազգային արժութային համակարգերի հետ Հայաստանի բանկերը խնդիրներ չունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում  նշել է Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը` մեկնաբանելով տարածված լուրերը, թե հայաստանյան բանկերը մերժում են արտերկիր գումար փոխանցել։

 

«Այնպես չէ, որ մասսայական չեն փոխանցում և վերջ»,– ասել է Ճզմաչյանը։

 

Նշենք, որ սոցիալական հարթակներում վերջին շրջանում հաճախացել են ահազանգերն այն մասին, որ ՀՀ բանկերը մերժում են արտերկիր գումար փոխանցել։

 

Լրատվամիջոցի հետ զրույցում Սամվել Ճզմաչյանը հայտնել է, որ նման խնդիր օրերս ինքն էլ է ունեցել է ունեցել, բայց կապված բացառապես քարտից քարտ փոխանցում կատարելու հետ։

 

«Բոլոր տիպի փոխանցումները ստացվում են, բացի քարտից քարտ փոխանցումներից, երբ ես փորձում եմ իմ քարտից Мobile banking-ով փոխանցում կատարել մեկ այլ անձի քարտի վրա։ Երբ ես զանգահարեցի բանկ, ինձ ասացին` դուք փոխանցում կատարեք ձեր ընթացիկ հաշվից, և ստացվեց»,– ընդգծել է Ճզմաչյանը:

 

 

Սամվել Ճզմաչյանը փորձել է նաև ճշտել, թե ինչով է պայմնավորված խնդիրը։ Բանկում բացատրել են, որ իրենք էլ տեղյակ չեն, բայց Կենտրոնական բանկից նման հրահանգ են ստացել։

 

«Ինձ պատասխանեցին, որ ԿԲ–ից եկել է հրահանգ, որպեսզի ժամանակավորապես դադարեցնեն քարտից քարտ փոխանցումները` դոլարով և եվրոյով։ Երևի տեխնիկական բնույթի խնդիր է դա։ Ես այդպես եմ կարծում, կամ կուզեի, որ այդպես լիներ»,– ասաց մեր զրուցակիցը։

 

Հարցին, թե որքանով կարող է ԿԲ–ի հրահանգը կապված լինել ՌԴ–ի նկատմամբ արևմտյան սահմանափակումների ու դրանցից զգուշանալու հետ, Ճզմաչյանը պատասխանեց, որ հայաստանյան բանկերն այս հարցում բավականաչափ զգուշավոր են։

 

«Հայաստանյան շուկայում ԵՄ–ի, ԵՄ անդամ տարբեր երկրների և ԱՄՆ–ի ներկայացուցիչները ուսումնասիրություններ անում են։ Եվ այդ ուսումնասիրությունները միշտ էլ ցույց են տվել, որ մեր բանկերն աշխատում են նորմերի մեջ։ Ես նույնիսկ գտնում եմ, որ ավելի նորմերի մեջ, ավելի մտավախությամբ, քան արժե։ Բայց մեր բանկերն այդպես են աշխատում»,– ասել է Ճզմաչյանը։

 

Հիշեցնենք` ԵՄ պատժամիջոցների գծով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանն ասել էր, որ Եվրամիությունը ստուգում է Ռուսաստանից արտահանումների աճը դեպի այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, քանի որ կասկածներ կան, որ այդ երկրների միջոցով ՌԴ–ն շրջանցում է Արևմուտքի սահմանած պատժամիջոցները։

Քաղաքականություն

Պատահարներ