«Ադրբեջանը սրում է իրավիճակը հետագա բանակցություններում բարենպաստ դիրքում գտնվելու համար»․ ԱԺ պատգամավոր

Ադրբեջանն, այժմ սրելով իրավիճակը, փորձում է ուժի գերակայության դիրքերից կառուցել հետագա բանակցությունները՝ ավելի արդյունավետ և բարենպաստ դիրքերում գտնվելու համար։ «Հետքի» հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ 

Հիշեցնենք՝ մայիսի 11-ի առավոտյան ադրբեջանական զինուժը հրետանային և ականանետային միջոցներից կրակ բացեց Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հայտնեց 4 վիրավորի մասին։ Այսօր առավոտյան ՊՆ-ն կրկին հաղորդեց հրադադարի խախտման մասին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը կիրառել է ԱԹՍ, որի հետևանքով վիրավորվել է ևս 2 զինծառայող։ 

«Ամեն բանակցություններից առաջ սադրանքներ են իրականացնում, որպեսզի, իրենց պատկերացմամբ, կարողանան ավելի բարենպաստ դիրքեր ունենալ, ինչն, իհարկե, անընդունելի է, հատկապես՝ բանակցություններից առաջ»,- ասել է Արմեն Խաչատրյանը։ 

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանն իր նպատակին չի կարողացել հասնել։ 

Հարցին, թե որքան է հավանական Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելը, Արմեն Խաչատրյանը նշել է․ 

«Լայնածավալ պատերազմի հավանականություն միշտ էլ կա։ Մեր պաշտպանական գերատեսչությունը բավական գերծանրաբեռնված ռեժիմով իրականացնում է իր առջև դրված խնդիրները, նաև բանակում մեծածավալ բարեփոխումներ են իրականացվում»։ 

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ այս պահին Գեղարքունիքում հարաբերական խաղաղ վիճակ է։

Քաղաքականություն

Պատահարներ