Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ մեր ջանքերը կավելացնենք. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անխուսափելի է համարում Զանգեզուրի միջանցքի բացումը։

 

 «Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք (Թուրքիայի նախագահի հետ - Auroranews), մենք քննարկում ենք տրանսպորտային հարցերը։ Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում «Միջին» միջանցքի նշանակությունն էլ ավելի է մեծանում։ Կասպից ծովով, հետագայում Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի ավելանում է և կշարունակի աճել։ Ուստի մենք Ադրբեջանում ընդլայնում ենք մեր տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները»,- այսօր Բաքվում ասել է Ալիևը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Նրա խոսքով, այսօրվա բանակցություններում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել Զանգեզուրի միջանցքի վաղաժամ բացման շուրջ։

 

 «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է. Ինչքան շուտ բացվի, այնքան լավ։ Ամեն դեպքում, այս ուղղությամբ մեր ջանքերը կավելացնենք։ Այդ միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրականորեն կանդրադառնա տարածաշրջանում գործարար համագործակցության վրա»,- հավելել է Ալիևը։ 

 

 

Նշենք, որ ՀՀ իշխանությունները բազմիցս շեշտել են, որ միջանցքի վերաբերյալ որևէ բանակցություն չի տարվում, մեզ համար նման հարց չկա։

Քաղաքականություն