Տեսանյութը վաղուցվա է․ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշ չկա, սակայն դա ռուս խաղաղապահների շնորհիվ չէ

Այսօր համացանցում տեսանյութ տարծվեց, որին կից նշվում էր, թե ռուս խաղաղապահները Հակարիի կամրջի վրա տապալում են ադրբեջանցիների կողմից ապօրինաբար տեղադրված դրոշը։ Շատերի մոտ ընկալվում է, թե տեսանյութում երևացողը վերջին օրերին է տեղի ունեցել, սակայն կադրերում երևում են հունիսի 15-ին տեղի ունեցած դեպքերը։ 

 

Auroranews-ի հավաստի տեղեկություններով՝ այս պահին Հակարիի կամրջի վրա, ՀՀ պետական տարածքում ադրբեջանական դրոշ չկա, սակայն դա ռուս խաղաղապահների գործունեության արդյունքը չէ։ 

 

Ավելին, մեր ձեռքի տակ եղած տվյալների համաձայն, նշված տեսանյութը խեղաթյուրում է հունիսի 15-ին տեղի ունեցած դեպքերի հաջորդականությունը։ Ենթադրվում է, որ այս տեսանյութը տարածվում է քարոզչական նպատակով։ 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Նշվում է, որ հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր։ 

Քաղաքականություն