Էրդողանը Կիպրոսի օկուպացված հատվածում նոր օդանավակայան կբացի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 20-ին շահագործման կհանձնի այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում» (ՀԿԹՀ) գտնվող նոր օդանավակայանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

 

«Մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Էրջան նոր օդանավակայանը, որը Թուրքիան կկապի ՀԿԹՀ-ի հետ, շահագործման կհանձնվի հուլիսի 20-ի արարողության ընթացքում, որին ներկա կլինի մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,-ասել է նախարարը, հաղորդում է Hürriyet-ը:

 

Նշվում է, որ օդանավակայանի կառուցման համար ներդրվել է 400 մլն եվրո:


«400 միլիոն եվրոյի ներդրումների շնորհիվ օդանավակայանի թողունակությունը կազմում է 10 միլիոն ուղևոր: 3,1 հազար մետր երկարությամբ թռիչքուղին հարմար է ուղևորատար ինքնաթիռների բոլոր մոդելների օգտագործման համար: Ընդհանուր առմամբ 30 տեղ կա օդանավերի կայանման համար»,-ասվում է հրապարակման մեջ։

 

Կիպրոսը 1974 թվականից՝ Թուրքիայի զինված ներխուժումից հետո, փաստացի բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև։ Օկուպացվել է կղզու տարածքի 37%-ը, որը 1983 թվականին հռչակվել է որպես «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»: Այն ճանաչել է միայն Թուրքիան։

 

Կիպրոսի վերամիավորման շուրջ հունական և թուրքական համայնքների միջև բանակցություններն ընթանում են ՄԱԿ-ի միջնորդությամբ: Դրանք ընդհատվել էին 2017 թվականին Շվեյցարիայում տեղի ունեցած հերթական փուլի ձախողումից հետո:

 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ