Պետք չէ կրակի վրա յուղ լցնել. Չինաստանը ԱՄՆ-ի՝ Ուկրաինային կասետային զենք մատակարարելու որոշման մասին

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից կասետային զինամթերքի մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել հումանիտար խնդիրների։ Նա կոչ է արել «զգույշ լինել» նման զինամթերք Ուկրաինա տեղափոխելու որոշման հարցում։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Շատ երկրներ դեմ են արտահայտվել, կասետային զինամթերքի անպատասխանատու մատակարարումները հեշտությամբ կարող են հանգեցնել հումանիտար խնդիրների: Հումանիտար և ռազմական անվտանգության հարցերը պետք է լուծվեն հավասարակշռված ձևով, իսկ կասետային զինամթերքի մատակարարմանը պետք է վերաբերվել զսպվածությամբ և զգուշությամբ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Մաո Նինը:

«Համապատասխան կողմերը չպետք է կրակի վրա յուղ լցնեն, չսրեն հակասությունները, որոնք կհանգեցնեն ուկրաինական ճգնաժամի սրմանը»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն հուլիսի 7-ին հայտարարել է Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու որոշման մասին։ Դրանց օգտագործումն արգելված է միջազգային կոնվենցիայով, որը վավերացրել է 123 երկիր, որոնց թվում չեն ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան, Չինաստանը և Իսրայելը։

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան գրավոր հավաստիացրել է Միացյալ Նահանգներին, որ Վաշինգտոնի կողմից տրամադրվելիք կասետային զինամթերքը չի օգտագործի Ռուսաստանի տարածքում կամ բնակեցված տարածքներում։ 

Սալիվանն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ մի շարք դեմոկրատ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Կիևին կասետային զինամթերք մատակարարելու որոշման վերաբերյալ:


Նշենք, որ ուրբաթ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Կիևին կասետային զինամթերք կմատակարարի որպես անվտանգության նոր 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթի մաս:

Քաղաքականություն

Պատահարներ