Դասագրքերի տպագրությունը ընթացքի մեջ է, խնդիրը վերաբերում է միայն 2-րդ, 5-րդ 7-րդ դասարաններին.Անդրեասյան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց հանրակրթության պետական չափորոշիչների փոփոխությունները։

 

Նա հիշեցրեց, որ դեռևս 2021 թվականին հաստատվել է նոր չափորոշիչը և այն փորձարկվել Տավուշի մարզի դպրոցներում։

 

«Այս տարվա սեպտեմբերից, այսինքն՝ վաղվանից, չափորոշիչը կմտնի փուլային տարբերակով ՀՀ դասարաններում, միաժամանակ հաշվի առնելով չափորոշիչների երկու տարվա փորձը՝ առաջարկվում են մի շարք փոփոխություններ։ Դրանք երկու պատճառ ունեն․ փորձնական բուն գործընթացը, որի ժամանակ նկատել ենք, թե որ տեղերը աշխատանքի կարիք կա, օրինակ՝ ժամաքանակի բաշխումներն են կրթական տարբեր աստիճաններով, երկրորդ փոփոխությունների խումբը օրենսդրական փոփոխությունների հիման վրա է հիմնված, օրինակ՝ հանրակրթության մասին օրենքն է փոխվել։

 

Նախապատրաստական աշխատանքները արված են փորձնական չափորոշչի համար, և իրականացվել է արտաքին անկախ գնահատում, զեկույցը կհրապարակվի այս տարվա հոկտեմբերին։ Նախնական տվյալները բավական ոգևորիչ են և ազդում են սովորողների առաջադիմության բարձրացման ու որակյալ կրթության վրա, ուսուցիչների համար նոր միջավայրի ստեղծմանը»,- ասել է նախարարը։

 

Նախարարն ընդգծեց․ «Դասագրքերը նոր չափորոշիչների ներդրման կարևոր բաղադրիչներն են, փոխել ենք դասագրքերի ստեղծման ու տպագրության մրցույթները։ Հեշտ չէր անել, ու երկար և դժվար գործընթաց էր։ Արդյունքները ամեն դեպքում գոհացուցիչ են։ Հիմնական նպատակն է ստեղծել մրցակցային բաց դաշտ, որից էլ կարող էինք ակնկալել որակյալ դասագրքեր։ Պետք է հասկանանք, որ մեր երկրում ավելի քան 15 տարի չեն եղել նոր դասագրքեր ու մրցույթներ։ Չկան այդ կարողությունները նոր դասագրքեր գրելու ու պատշաճ կերպով փորձաքննության հանձնելու համար։ 10-րդ դասարանում դրա հետևանքով չափորոշիչը կներդրվի հաջորդ տարի։ Մյուս բոլոր դասարաններում դասագրքեր ունեն, իսկ մնացածնն էլ հասանելի են էլեկտրոնային տարբերակով»։

 

Վերջինիս խոսքով՝ նոր դասագրքերի տպագրությունը ընթացքի մեջ է, որոնցից որոշակին դպրոցները կունենան սեպտեմբերի ընթացքում։ Մյուս բոլոր դասարանների դասագրքերը դեռևս չեն փոխվում, բոլոր դպրոցներում գործընթացը նորմալ կսկսվի։ Դասագրքերի հետ կապված խնդիրը վերաբերում է միայն 2-րդ, 5-րդ 7-րդ դասարաններին։

 

Սեպտեմբերից բարձրանալու է նաև չկոմպլեկտավորված դասարաններում դասավանդող ու տեխնիկական ուղղություններ դասավանդող ուսուցիչների աշխատավարձը՝ անկախ կամավոր ատեստավորումից․ «Այս մասով երկու ծրագիր կա․ բնագիտական առարկաների ուսուցիչների վարձատվությունը կբարձրանա 25 տոկոսով։ Նման շահառուներ են ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության, ինֆորմատիկայի ուսուցիչները՝ անկախ, թե որ դպրոցում են, ու քանի աշակերտ ունի դպրոցը։ Երկրորդ ծրագիրը վերաբերում է գյուղական փոքր դպրոցներին մինչև 100 աշակերտ ունեցող երեխաների համար։ 800-ից ավելի ուսուցիչ առաջին ծրագրի շահառու է, 4000-ից ավելին՝ երկրորդ ծրագրի»։

Քաղաքականություն

Պատահարներ