Երեք օր է՝ Արցախի տղամարդիկ գիշերում են Ասկերանի մատույցներում. վճռական են՝ ցեղասպանի ձեռքից հաց չեն ընդունի

Արցախի տարբեր շրջանների բնակիչներն ասկերանցիների հետ շարունակում են փակ պահել ճանապարհը՝ վճռական են։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի քարտուղար Անահիտ Պետրոսյանը:

 

«Երեկ ադրբեջանցիները փորձել են ռուս խաղաղապահների միջոցով այդ բեռները մտցնել Ասկերան, սակայն ժողովուրդը կտրուկ մերժել է։ Նրանք միաբերան հայտարարեցին՝ այդ ալյուրի կարիքը չունեն, Ադրբեջանն այսօր ցեղասպանություն է անում Արցախում, հետևաբար՝ ցեղասպանի ձեռքից հաց չեն ընդունի։ Երեք օր է՝ մեր տղամարդիկ գիշերում են այդ ճանապարհի մոտ, որպեսզի թույլ չտան որևէ կերպ այդ բեռը մտնի Արցախ։ Ցերեկները կանայք ևս միանում են տղամարդկանց։ Ընդհանուր վճռականություն կա, որ ոչ մի պայմանով չպետք է որևէ բեռ մտնի Արցախ»,- նշել է Անահիտ Պետրոսյանը:

 

Նա տեղեկացրել է, որ այսօր ԱԺ պատգամավորները ևս գնացել են ճանապարհի այդ հատված, թե ինչ են քննարկել՝ տեղեկություններ չունի։

 

«Կարծում եմ՝ որևէ ուժ այս մարդկանց չի կարող համոզել, քանի որ նրանք 8 ամսից ավելի է՝ գտնվում են ճնշումների ու սովի մեջ, նրանք չեն նահանջի։ Պետք է ադրբեջանցիներին հստակ ասվի, որ մենք մուրացկան չենք, մենք չենք մուրում, թող մեր կյանքի ճանապարհը բացեն, մենք մեր հողում ապրենք»,- եզրափակել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի քարտուղարը։

 

Հիշեցնենք` օգոստոսի 29-ից Ադրբեջանը, որպես «բարի կամքի» դրսևորում, հայտարարեց, թե «հումանիտար» բեռ կուղարկի Արցախ՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով, ինչին դեմ արտահայտվեց արցախահայությունը՝ փակելով ճանապարհի Ասկերանի հատվածը։

Քաղաքականություն

Պատահարներ