ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել ոստիկանությունում քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը փաստաբանի կողմից ահազանգ է ներկայացվել այն մասին, որ Ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրվել։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

 

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է վերոնշյալ բաժին՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Պարզվել է, որ տվյալ անձը բժշկական օգնություն ստանալու համար տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պարզվել է նաև, որ տվյալ անձը բուժօգնություն ստանալուց հետո նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։

 

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել նաև ՁՊՎ։ Ազատությունից զրկված անձի հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ կազմված բժշկական և այլ փաստաթղթերը։

 

Ի գիտություն է ընդունվել նաև տվյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանության կողմից ներկայացված պաշտոնական հաղորդագրությունը:

Միևնույն ժամանակ, Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին։

 

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խիստ դատապարտելի է բռնության ցանկացած դրսևորում, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքով իրավասու պետական մարմինները պարտավոր են իրականացնել պատշաճ քննություն, այդ թվում` Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության մասով։

 

Ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանության, այդ թվում` օբյեկիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու վերաբերյալ հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Դանիել Իոաննիսյանը հայտնում է, որ պարեկները ծեծի են ենթարկել քաղաքացու։ Նշենք, որ ոստիկանությունը դեպքի առնչությամբ պարզաբանում է ներկայացրել։

Քաղաքականություն

Պատահարներ