ՌԴ–ում 19 տարի անց պարզել են Բեսլանի դպրոցի ահաբեկիչներից մեկի ինքնությունը

ՌԴ–ում քննիչները 19 տարի անց կարողացել են բացահայտել «թիվ 11 գրոհայինի» ինքնությունը՝ հինգ ահաբեկիչներից մեկի, որոնց դիերը 2004թ.–ին չէին կարողացել ճանաչել:

 

Իրավապահների տվյալներով՝ խոսքը ծագումով Ինգուշեթիայից Ասլանբեկ Պարչիևի մասին է, որը մասնակցել է Բեսլանի թիվ 1 դպրոցում տեղի ունեցած ահաբեկչությանը։ 

«Այս մարդը 19 տարի առաջ Բեսլանում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության գործով փաստաթղթերում հայտնվել է որպես «թիվ 11 գրոհային»։ Նրա մատնահետքերը համընկնում են ծագումով Ինգուշեթիայից Ասլանբեկ Պարչիևի մատնահետքերի հետ, ով ողբերգությունից երկու տարի առաջ ձերբակալվել էր Մոսկվայում աննշան իրավախախտման համար»,- գրում է Известия-ն՝ վկայակոչելով անվտանգության աշխատակիցներին։ 

Հետաքննության եզրակացությունները հաստատվել են զինյալի հարազատներից վերցված ԴՆԹ անալիզով։ Նրան ճանաչել է նաև միակ ողջ մնացած զինյալը՝ Նուրփաշա Կուլաևը, ով դատապարտված է ցմահ: 

Գործողությունների երրորդ օրը՝ ժամը 13:05-ին, դպրոցի մարզադահլիճում տեղի են ունեցել պայթյուններ, որի պատճառով առաջացել է հրդեհ։ Հրդեհի արդյունքում մասնաշենքը մասնակիորեն այրվել է։ Առաջին պայթյուններից հետո պատանդները սկսել են փախչել դպրոցից. ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձեռնամուխ է եղել գրոհի։ Անկանոն փոխհրաձգության ժամանակ, այդ թվում նաև քաղաքացիական անձանց կողմից, որոնք կիրառել են անձնական զենքեր, սպանվել է 28 ահաբեկիչ (նրանցից 3-ը, այդ թվում նաև մահապարտ ահաբեկչուհին, սպանվել են սեպտեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում):

 

Հարձակման զոհ է դարձել 318 պատանդ (186-ը՝ երեխաներ)։

Քաղաքականություն

Պատահարներ