ՀՀ ՄԻՊ–ը` մանկապարտեզում երեխային հարվածելու տեսանյութի մասին

Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին բռնության ենթարկելու տեսարաններով տեսանյութն ուսումնասիրվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։

 

ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

 

«Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:

Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։

Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց»,– ասված է հաղորդագրությունում:

 

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին: Ըստ սոցցանցային գրառումների` այդ մանկապարտեզը մասնավոր է, որտեղ ամսական վճարն 90.000 դրամ է։

Քաղաքականություն

Պատահարներ