Ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում. բնակիչը պատմում է

Հրետակոծությունն ու հրաձգությունը Ստեփանակերտի շրջակայքում դադարել են։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց լրագրող, Ստեփանակերտի բնակչուհի Գայանե Գևորգյանը՝ հավելելով, որ ժամը 13։00-ից հետո հրետակոծություն կամ հրաձգություն լսելի չէ։

 

«Մարդիկ առայժմ վարանում են դուրս գալ ապաստարաններից, միայն մի մասն է ուղղակի դրսում կանգնել, այսպես ասած՝ մաքուր օդ շնչելու համար»,-հավելեց Գևորգյանը։

 

Նա պատմեց նաև, որ սեպտեմբերի 19-ի երեկոյան իրենց տան հարակից տարածքում արկ է ընկել, և, բարեբախտաբար, կարողացել են փրկվել։ Վնասվել է միայն տունը, որից հետո երեխաների հետ պատսպարվել են համեմատաբար ապահով մեկ այլ առանձնատան նկուղում։

 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ։ Բազմաթիվ ավերածություններից ու մարդկային կորուստներից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Արցախի նախագահի աշխատակազմը նաև տեղեկացրել էր, որ ԼՂ և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև հանդիպում է ծրագրված սեպտեմբերի 21-ին Եվլախում։

Քաղաքականություն

Պատահարներ