«Քննարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ արցախցիներին Հայաստանում տեղավորելու հարցը». ՄՔԾ

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հերքում են լուրեր, թե Հայաստանը չի պատրաստվում ընդունել արցախցիներին։

Մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ որևէ արցախցի այս պահին Հայաստան չի տեղափոխվել և նրանց ընդունել կամ չընդունելու հարց չկա։ Ավելին, նրա փոխանցմամբ՝ միչգերատեսչական ակտիվ քննարկումներ են տեղի ունենում Արցախի բնակիչների հնարավոր մուտքը Հայաստան կազմակերպելու հարցով։

 

«Ամենատարբեր պատասխանատու  գերատեսչությունների հետ ակտիվ քննարկումներ են տեղի ունենում և քննարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ արցախցիներին Հայաստանում տեղավորելու հարցը»,- նշեց նա։

 

Հիշեցնենք՝  ԼՂ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան գրել էր, որ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ 

Իսկ ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում լուսանկարներ են տարածվում, որ որոշ արցախցիներ սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:

Ավելի ուշ Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց հայտնելով՝ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, պետք է պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:

Քաղաքականություն

Պատահարներ