Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Աբովյան– Երևան– Աբովյան երթուղին սպասարկող «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանի` Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նոր փաստեր են ի հայտ եկել, որոնց հիմքով հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ։ Aurora News-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ քննությամբ ձեռք են բերել տվյալներ, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ ոստիկանության նախկին պետը խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե նա ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այդ նպատակով նաև Արթուր Հարությունյանին ներկայացրել է Աբովյանի տարածաշրջանը սպասարկող ոստիկանության պաշտոնատար անձանց և ՀՀԿ տարածքային մարմնի ղեկավարին՝ միասին աշխատելու համար։ Բացի այդ, իր ենթականերին հրահանգել է չխոչընդոտել նրա ձեռնարկատիրական գործունեությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում։ Միաժամանակ նաև ոստիկաններին հրահանգել է խոչընդոտներ ստեղծել Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների համար: Նկատի ունենալով, որ քրեական գործով պարզված հանգամանքները պարունակում են պաշտոնեական դիրքը և ծառայողական պարտականությունները չարաշահելու հատկանիշներ` ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քաղաքականություն