Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կշարունակվի վաղը
Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։ «Նիստը հետաձգվեց վաղը՝ ժամը 15։00-ը», - լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։ Նրա խոսքով՝ նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը դեռ չի ավարտել բողոքը։ Նշենք, որ այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա էր։ Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Ի դեպ, Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարությամբ հանդես չեկավ, լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։ «Վաղը պարոն Քոչարյանը կներկայանա դատարան ու հայտարարությունը կներկայացնի», - ասաց նա։ Հարցին՝ հնարավո՞ր է վաղը դատարանը հեռանա խորհրդակցական սենյակ, Քոչարյանի պաշտպանը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ վաղը աշխատելու երեք ժամ է լինելու, հազիվ թե»։

Քաղաքականություն