Տղամարդավարի պատժել գիտենք, ադեկվատ պատասխանը տալու ենք. Մալյանի կողմնակիցները՝ «Ռեստարտ»-ի իրականացրած հարձակման մասին
Այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ ակցիա էր կազմակերպել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը: «Մեկ րոպե լռությամբ հարգենք Ջորջ Սորոսի մահը` ոչ ֆիզիկական, այլ քաղաքացիական մահը: Հայաստանում այլևս չկան ջորջսորոսներ, որոնք ծնվեցին այս շենքում ու հասարակությանը մոլորության մեջ փորձեցին գցել»,- հայտարարել էր Մալյանը: Ակցիային մասնակցող, ակտիվիստ Նարեկ Մանթաշյանն էլ իր խոսքում նշել էր, որ, անպայման, պատասխանը տալու են: «Քանի որ նրանք արդեն փորձեցին տղամարդավարի ապրել, սա արդեն մեր դաշտն է: Մենք գիտենք տղամարդավարի պատժել, մենք կարողանում ենք ընտանիք ու երեխա հարգենք, մենք չենք պատրաստվում իրենց ծնողների կամ երեխաների ներկայությամբ իրենց առևանգել, բայց մենք պատրաստվում ենք ու, անպայման, իրենց ադեկվատ պատասխանը տալու ենք»,- ասել է նա: Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ կեսգիշերին մոտ, մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն: Նշենք, որ Մալյանին քաշքշողները «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն են եղել:

Քաղաքականություն