Լեյլա Աբդուլլաևայի հայտարարությունը՝ Իլհամ Ալիևի՝ Զանգեզուրի միջանցքի մասին խոսքերի վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի մասին Իլհամ Ալիևի խոսքերում Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալիք չկա: 

Երեքշաբթի Ալիևը սպառնացել է Երևանին լուծել Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցքի կառուցման հարցը «ուժի օգնությամբ», եթե հայկական կողմը հրաժարվի կամավոր դա անել: Նախագահը Զանգեզուրը և Երևանն անվանում է Ադրբեջանի «պատմական հողեր» և նշում, որ ադրբեջանական ժողովուրդն իրավունք ունի վերադառնալ այնտեղ: Հայաստանի ԱԳՆ-ն Ալիևի հայտարարությունները ևԶանգեզուրի միջանցքի հիմնախնդրի ուժային լուծման հնարավորությունը որակել է ոտնձգություն երկրի տարածքային ամբողջականության դեմ:

«Ինչպես միշտ, Ադրբեջանի Հանրապետության նախագահը բավականին պարզ և հստակ արտահայտել է իր տեսակետը: Եթե Հայաստանի ԱԳՆ-ն ցանկանում է ներկայացնել այն, ինչ լսում է այնպես, ինչպես ուզում է, դա արդեն վկայում է նրանց ատելի մտադրությունների մասին: Մենք կցանկանայինք ուշադրություն հրավիրել ապրիլի 20-ին կայացած հարցազրույցում Ադրբեջանի նախագահի տեսակետի վրա, նա խոսել է Հայաստանում Ադրբեջանի դեմ հնարավոր ռևանշիզմի և մեր տարածքային ամբողջականության հնարավոր սպառնալիքների մասին, քանի որ դա «ազգային պաշտպանության, ազգային անվտանգության խնդիր է», - ասել է Աբդուլլաևան РИА Новости-ին:

«Դա սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես պնդում է ՀՀ ԱԳՆ-ն, այլ մեր վճռականության ցուցանիշն է որպես պատասխան՝ Հայաստանից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության ցանկացած սպառնալիքին», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: Նա նշել է , որ «Ադրբեջանը պատրաստ է համագործակցության»՝ ընդգծելով, որ «մենք պետք է նայենք դեպի ապագա»:

«Ինչպես բազմիցս նշվել է ամենաբարձր մակարդակով, Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքը, մասնավորապես, պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Նույն նպատակին է ծառայում նաև 2020 թ. նոյեմբերի 10-ին և 2020 թ. հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը», - ընդգծել է նա՝ նշելով, որ Երևանը «եռակողմ հայտարարությունը կատարելու փոխարեն՝ իր ստերով ու զրպարտություններով փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»:

Քաղաքականություն