Ռուսաստանն առանց նախազգուշացնելու տիեզերքում նոր զենք է փորձարկել․ Պետդեպ

Ռուսաստանը նոյեմբերի 15-ին «անխոհեմաբար» իրականացրել է հակաարբանյակային զենքի փորձարկում իր արբանյակներից մեկի դեմ, որից հետո հայտնվել են Միջազգային տիեզերակայանին սպառնացող տիեզերական աղբի հարյուր հազարավոր բեկորներ։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նրա խոսքով՝ այդ կերպ սպառնալիքի տակ են դրվել մի շարք երկրների տիեզերական առաքելությունները։

Փրայսն ընդգծել է, որ Մոսկվան չի նախազգուշացրել Վաշինգտոնին փորձարկումների մասին։ Պենտագոնում նույնպես անհանգստություն են արտահայտել՝ կապված ՌԴ-ի գործողությունների հետ։ ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավար, բանակի գեներալ Ջեյմս Դիկինսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից մշակվող հակաարբանյակային զենքը կարող է սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի համար։

Հայտարարությամբ է հանդես է եկել նաև պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ում խոսքով՝ «չնայած Ռուսաստանի այն հայտարարություններին, թե ինքը դեմ է տիեզերական տարածությունում զենքի տեղակայմանը, սակայն պատրաստ է սպառնալիքի տակ դնել տիեզերքում երկարժամկետ կայունությունն ու անխոհեմ գործողություններով և անպատասխանատու վարքով ռիսկի ենթարկել բոլոր երկրների կողմից անցկացվող հետազոտություններն ու տիեզերքի յուրացումը»։

Պետքարտուղարը կոչ է արել բոլոր տիեզերական տերություններին միավորվել և պատասխանել Ռուսաստանին՝ այդ գործողությունների համար։

Ինչպես հայտնի է, «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը երեքշաբթի հանդիպում կանցկացնի Մոսկվա ժամանած NASA-ի ներկայացուցիչների հետ։ Այժմ օրակարգում ներառված է ՄՏԿ-ին տիեզերական աղբի մոտենալու հարցը։

Քաղաքականություն

Պատահարներ