Վանեցյանը` կառավարության շենքում գտնվող աշխատակիցների մուտքը բացելու մասին

 Կառավարության շենքը շրջափակված է, շարունակում ենք մեր ակցիան: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

 

Դիտարկմանը՝ ոստիկանությունը, կառավարության շենքից դուրս եկող աշխատակիցների մուտքը բացելու համար, կարող է ցույցը ցրել, Արթուր Վանեցյանն արձագանքեց․

 

«Մենք իրականացնում ենք խաղաղ անհնազանդության ակցիա։ Այս խաղաղ անհնազանդության ակցիան քաղաքացու իրավունքների մեջ է մտնում, և ոչ մեկն իրավունք չունի խոչընդոտելու խաղաղ ակցիաների անցկացմանը։ Ոստիկանությունը, հակառակը, պետք է ապահովի ակցիայի մասնակիցների անվտանգությունը։ Կարծում եմ՝ ոստիկանությունն այնքան խոհեմ կգտնվի, որ չգնա նման քայլի։

Բողոքի ակցիան իրականացվում է և իրականացվելու է»։

 

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են կառավարության շենք եւ շրջափակել կառավարության բոլոր մուտքերը:

Քաղաքականություն