«Իմ տեղեկություններով խաղաղապահները հումանիտար օգնություն չեն տարել». Բեգլարյանը` օրերս Լաչինն անցած բեռնատարների մասին

 Իմ տեղեկություններով բեռնատարներով այդ փոխադրումները ոչ թե հումանիտար օգնություն էին Արցախի ժողովրդի համար, այլ ռուս խաղաղապահների կարիքների համար էին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով արդեն մի քանի օր է անժամկետ նստացույց է հայտարարել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:

 

«Խնդրում եմ այս տեղեկատվությունը լրացուցիչ ճշտեք Արցախի կառավարությունից եւ ռուս խաղաղապահներից, բայց այն, որ ադրբեջանական կողմը փորձում է այնպես ներկայացնել, որ Արցախի ժողովուրդը հումանիտար կարիքներ չունի, մատակարարումը պատշաճորեն  իրականացվում է, այդ թվում  խաղաղապահների միջոցով, բացարձակ սուտ է: Այնտեղ հումանիտար աղետ է: Այո, այդ աղետը օրեցօր խորանում է, եւ միտումը շատ բացասական է»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են  ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

Քաղաքականություն

Պատահարներ