«Մենք ձեր կողքին ենք, բայց դա չի նշանակում, որ մենք ձեզ փրկելու ենք». Չեխիայի դեսպանը՝ Լաչինի միջանցքի մասին

 Բնապահպան ակտիվիստների մասին պաշտոնական Բաքվի բացատրությունը «մի քիչ հիմար տեսք ունի», «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը։

 

Իհարկե, ես տեղեկացված եմ Լաչինի միջանցքից, դա մի քիչ հիմար տեսք ունի: պաշտոնական բացատրությունը, որ սրանք բնապահպան ակտիվիստներ են և պատահաբար ձմռան սկզբին, երբ ձյուն է գալիս, երբ ցուրտ է լինում… եթե ես դիվանագետ չլինեի, կասեի՝ եկեք ծիծաղենք այս բացատրության վրա։ Մենք, իհարկե, չենք կարող ծիծաղել ստեղծված իրավիճակի վրա, քանի որ իրավիճակը իսկապես 120 հազար մարդու, որքան ես գիտեմ, ցրտի մեջ է թողնում։ Նրանք չունեն տարրական բժշկական կարիքներ հոգալու միջոցներ ու ունեն մարդասիրական օգնության կարիք։

 

Ինչ է անում Չեխիան կամ ինչ կարող է անել Եվրամիությունը։

 

Չեխիան աջակցում է ԵՄ-ի համատեղ գործունեությանը: Դուք նաև գիտեք, որ ԵՄ-ն արդեն տարիներ շարունակ կոչ է անում հայերին և ադրբեջանցիներին՝ ուղիղ բանակցություններ վարել։ Մենք գիտենք և միշտ ընդգծել ենք, որ միակ կենսունակ լուծումը կամ երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանագիրը պետք է ձեռք բերվի միայն ձեր՝ հայերի և ադրբեջանցիների միջև ուղիղ բանակցությունների արդյունքում։ Այնպես որ, այն, ինչ մենք կարող ենք անել հենց հիմա, համոզվելն է, որ մարդասիրական իրավիճակը տանելի է:

Դուք գիտեք, որ ԵՄ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել բազմաթիվ մակարդակներում և բազմաթիվ իրավիճակներում: Իսկ Չեխիան դեռ կներդնի իր բաժինը։

Միևնույն ժամանակ մենք ասում ենք, որ դուք՝ հայերդ, և դուք՝ ադրբեջանցիներդ, պետք է անմիջականորեն զբաղվեք խնդրի լուծումով։ Բայց մի բան էլ ասեմ, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, Ռուսաստանն է պատասխանատու այդ տարածքում փոխադրումների համար։ Այնպես որ, հիմնական կողմը և հիմնական սուբյեկտը, որից պետք է հարցնել, թե ի՞նչ է կատարվում և ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ եք անելու՝ Ռուսաստանն է, քանի որ նրանք պայմանավորվել են, որ իրենք կապահովեն, որ այդ տարածքում միջանցքը բաց է լինելու և կպահպանվի խաղաղությունը:

 

Յուրաքանչյուր երկիր փորձում է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներն օգտագործել իր շահի համար

 

Ռուսաստանը միշտ փորձել է միջամտել և օգտագործել իրավիճակն իր շահի համար: Եվ մենք իրականում չենք կարող նրանց մեղադրել: Յուրաքանչյուր երկիր փորձում է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներն օգտագործել իր շահի համար։ Դա կոչվում է «ազգային շահ»: Ռուսաստանն ակնհայտորեն առաջ է տանում իր ազգային շահերը մի իրավիճակում, որը երբեմն հիշեցնում է հումանիտար ճգնաժամ։ Դա մի բան է, որը մենք կարող ենք կասկածի տակ առնել, դա մի բան է, որի շուրջ մենք կարող ենք վիճաբանել, թե որքանով է բարոյական: Ես կարող եմ Ձեզ հետ համաձայնել, որ նրանք միջամտել են իրավիճակին՝ փորձելով դա օգտագործել իրենց շահի համար։ Ռուսական կողմից էլ ճիշտ հակառակն ենք լսում ԵՄ-ի մասին, թե Արևմուտքը փորձում է իրավիճակն օգտագործել իր շահի համար։ Բոլորն ինչ-որ կերպ փորձում են ազգային շահեր առաջ տանել, իհարկե։ Ինչ-որ մեկը, սակայն, խաղաղապահ է կամ առնվազն պնդում է, որ խաղաղապահ է, իսկ ինչ-որ մեկը չի ստորագրել եռակողմ հայտարարության ներքո: Այսպիսով, կա տարբերություն:

Ռուսաստանի մասին խոսելիս, ես կասեի նաև հետևյալը: Եկեք պարզ ասենք՝ նա անմիջական շահեր ունի հարավկովկասյան տարածաշրջանում և դարեր շարունակ ունեցել է նման շահեր, և միամտություն կլինի կարծել, թե այդ շահերը պարզապես վերացել են։ Ինչևիցե, Դուք հարցրեցիք, թե Ռուսաստանը իրավիճակն օգտագործո՞ւմ է իր շահերի համար, ես կասեի, որ ներգրավված բոլոր խաղացողները փորձում են իրավիճակն օգտագործել իրենց շահերի համար:

 

Ինչի՞ է ձգտում Բաքուն

 

Ադրբեջանը, կարծում եմ, ընդհանուր առմամբ,փորձում է իրավիճակը ճշտել ու փորձել հասկանալ՝ որքան հեռու կարող է գնալ։ Նրանք փորձում են պարզել, թե որքանով կարող են առաջ տանել իրենց սեփական շահերը: Լեռնային Ղարաբաղում պատանդների դեպքում նրանք կիրառում են մեթոդներ, որոնք շատ կասկածելի են, եթե խոսենք դիվանագիտորեն։ Բայց սկզբունքը քիչ թե շատ նույնն է:

 

ԵՄ-ն չի ցանկանում դադարեցնել ռուս խաղաղապահների աշխատանքը

 

Ռուսաստանը մեղադրում է Արևմուտքին, թե մենք ուզում ենք դադարեցնել իրենց խաղաղապահների աշխատանքը, խաղաղապահների, ովքեր խաղաղություն և կայունություն են բերել։ Մենք չենք ցանկանում դադարեցնել ռուս խաղաղապահների աշխատանքը: Ընդհակառակը, մենք իրականում ցանկանում ենք, որ նրանք հաջողության հասնեն: Բայց ի՞նչ ենք մենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ խաղաղապահ առաքելությունը որոշ առումներով չի հաջողվում։ Մենք չենք կարող այսպես մնանք՝ ոչինչ չանելով և նայելով այս խառը վիճակին։ Նաև, մենք փորձում ենք գոնե ապահովել, ինչպես ասացի, արդյունավետ, կայուն, ամուր միջավայր՝ ուղիղ բանակցությունների համար։

 

Ով էլ նպաստի առաջընթացին, պետք է դիվանագիտական մեդալի արժանանա

 

Այնպես չէ, որ մենք դեմ ենք Ռուսաստանին, և ինչ էլ որ նրանք անեն, մեզ համար գոհացուցիչ չի լինի, և մենք նրանց միշտ կքննադատենք։ Ո՛չ, ընդհակառակը։ Մենք հասկանում ենք, որ իրավիճակն այնքան բարդ է, որ միայն բոլոր ներգրավված կողմերը կարող են բերել արդյունք, լուծում։ Ռուսաստանը, իհարկե, ներգրավված է: Այսպիսով, մեծ հույսեր եմ կապում, որ Ռուսաստանը կօգտագործի իր քաշը՝ նպաստելու այս դժվարին խնդրի կայուն կարգավորմանը:

Հիմա Ձեր այն հարցի մասին, թե ի՞նչ կարող ենք անել կամ արդյո՞ք կա որևէ ծրագիր։ Դուք գիտեք, որ ԵՄ-ն դիտորդական առաքելություն է ուղարկել, որն ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղում չի եղել, Հայաստանում էր։ Բայց այդ առաքելության նպատակն էր հենց նպաստել երկու կողմերի վստահության ձևավորմանը։ Մենք ուզում էինք տեսնել իրավիճակը մեր սեփական աչքերով, ոչ թե եզրակացություններ ու դատողություններ անել Պրահայում կամ եվրոպական այլ մայրաքաղաքներում մեր հարմարավետ գրասենյակներից։ Դա առաջին խնդիրն էր։ Երկրորդ խնդիրը, ավելի ընդհանուր ասած, նպաստելն էր՝ լինելով տեղում, զրուցելով երկու կողմերի հետ, ներգրավելով երկու կամ բոլոր կողմերին՝ վստահություն ձևավորելու ներգրավվածների միջև: Դուք նաև գիտեք, որ այս առաքելությունը նախատեսված էր երկու ամսով։

 

Հնարավոր է, որ ԵՄ առաքելությունը երկարաձգվի, բայց պետք է աշխատել Բաքվի և ռուսների հետ

 

Ես դիվանագիտորեն կասեմ, որ այս պահին նրա ապագան անորոշ է: Մենք դա դիտարկում ենք որպես օգտակար գործիք, և կփորձենք անել հնարավորը, որպեսզի համոզենք կամ ցույց տանք բոլոր ներգրավված կողմերին, որ այն կա և կարող է օգտակար գործիք լինել, բայց նաև եկեք չչափազանցնենք առաքելության նշանակությունը, դրա շրջանակը բավականին փոքր էր։

Ես ուրախ եմ լսել, որ հայերը ուրախ էին տեսնել առաքելությունը։ Եվ հիմա ես ենթադրում եմ, որ մեր խնդիրը, մեր փոխադարձ խնդիրը, ԵՄ-ի, Չեխիայի, բայց նաև՝ Հայաստանի խնդիրն է, որ փորձենք բոլոր ներգրավված կողմերին ցույց տալ, որ նման առաքելությունն օգտակար կլինի։ Դա կարող է լինել մի փոքր բան, մի կաթիլ ավելի մեծ ծովում, բայց այդպիսի կաթիլը կարող է լինել և պետք է լինի օգտակար ներդրում ավելի մեծ լուծման համար: Ուրեմն աշխատենք ադրբեջանցիների հետ, աշխատենք նաև ռուսների հետ։ Դուք՝ հայերդ, պետք է խոսեք ռուսների հետ՝ փորձելով ցույց տալ նրանց և ապացուցել, որ դուք գոհ էիք Եվրամիության ներգրավմամբ։ Եկեք աշխատենք նրանց հետ, ովքեր այդքան էլ դրական չէին վերաբերվում ԵՄ առաքելությանը և փորձենք ապացուցել, որ այն կարող է օգտակար և արդյունավետ լինել:

 

«Մենք ձեր կողքին ենք, բայց դա չի նշանակում, որ մենք ձեզ փրկելու ենք»

 

Մենք կանք և կլինենք ձեր կողքին այնքանով, որքանով դուք պատրաստ եք աշխատել մեզ հետ ընդհանուր ապագայի վրա, որտեղ մենք միասին կարող ենք օգնել հաղթահարել այն իրավիճակը, որում գտնվում է ձեր երկիրը: Դա չի նշանակում, որ մենք ձեզ փրկելու ենք։ Դա այն է, ինչ դուք պետք է հասկանաք ու ես պետք է շեշտեմ: Մենք չենք պատրաստվում փրկել ձեզ, բայց մենք պատրաստակամ ենք անել ամեն հնարավորը, որպեսզի օգնենք ձեզ հաղթահարել այս խառը վիճակը, որում հայտնվել եք։

 

Հավելենք, որ Պետր Պիրունչուկը դեսպանի պարտականությունները դեռ չի ստանձնել, նա հունվարի սկզբին կժամանի Հայաստան, իր հավատարմագրերը կհանձնի նախագահին։

Քաղաքականություն

Պատահարներ