Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազը նոր պաշտոն ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազ Արամ Արամյանը նոր պաշտոն է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատել են եւ նշանակել Կենտրոնի դատախազ: Վերջինիս տեղափոխությունը քրեական գործով անցնողներին առավել վատ վիճակում է դրել, քանի որ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնված մարդիկ չգիտեն, թե այս տեղափոխությունից հետո ինչ է լինեու իրենց քրեական վարույթի հետ:

 

Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ՀՀ ազգային ժողովի դիմաց մեծ թվով անձանց կողմից խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին է:

 

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվել: Ու թեեւ այս դեպքից անցել է ուղիղ երկու տարի, սակայն գործով նախկինում կալանավորված անձինք այժմ գտնվում են անազատության մեջ: Երկու տարվա ընթացքում նախաքննական մարմինը այդպես էլ չի կարողացել պարզել եւ բացահայտել, թե ովքեր են այդ օրը ծեծի ենթարկել Միրզոյանին: Գործը մինչեւ օրս դատարան այդպես էլ չի ուղարկվել:

Ավելին՝ նրան ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազն էլ նոր պաշտոն է ստացել. արդյոք սա՞ է աշխատանքի արդյունավետության մասին պատկերացումը ՀՀ դատախազությունում…

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն

Պատահարներ