Մենք նպատակ ունենք ամրապնդել Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի միջև փոխգործակցությունը. Պուտին

Ռուսաստանի նախագահը նշել է, որ աշխարհաքաղաքական աճող լարվածության պայմաններում ՌԴ-ի ու Չինաստանի հարաբերությունները հասունություն և կայունություն են դրսևորում:

 

 Ռուսաստանն ու Չինաստանը կշարունակեն համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչը նպաստում է երկու երկրների անվտանգության ապահովմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ առցանց բանակցությունների ժամանակ։

 

«Իհարկե, ռուս-չինական համագործակցության, մեր հարաբերությունների ամբողջ համալիրում առանձնահատուկ տեղ ունի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, որը նպաստում է մեր երկրների անվտանգության ապահովմանը և առանցքային տարածաշրջաններում կայունության պահպանմանը։ Մենք նպատակ ունենք ամրապնդել Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի միջև փոխգործակցությունը»,- ասել է ՌԴ նախագահը։

 

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները աշխարհաքաղաքական աճող լարվածության պայմաններում հասունություն և կայունություն են դրսևորում:

 

«Մեր հարաբերությունները արժանապատվորեն դիմակայում են բոլոր փորձություններին, ցույց են տալիս հասունություն և կայունություն, շարունակում են դինամիկ զարգանալ։ Ինչպես արդեն ավելի վաղ նշել ենք, այս կապերը լավագույնն են ամբողջ պատմության ընթացքում և 21-րդ դարում խոշոր տերությունների համագործակցության վառ օրինակ են», - ասել է ՌԴ նախագահը։

 

Պուտինի կարծիքով՝ միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Չինաստանի գործակցությունը ծառայում է արդար աշխարհակարգի ձևավորմանը։

«Մոսկվայի ու Պեկինի գործակցությունը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԲՐԻԿՍ-ի, G20-ի շրջանակում, ծառայում են արդար, միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի ձևավորմանը», - ասել է ՌԴ նախագահը:

 

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը նույն կերպ են նայում գլոբալ աշխարհաքաղաքական լանդշաֆտի վերափոխման պատճառներին, ընթացքին ու տրամաբանությանը։

 

Մեդվեդևը և Սի Ծինպինը բանակցություններ են վարել Պեկինում

Քաղաքականություն

Պատահարներ