Ռուսաստանի պատճառով տապալվել է Լաչինի միջանցքի շուրջ ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը. Factor

 Ռուսաստանի դիրքորոշման պատճառով տապալվել է Լաչինի միջանցքի շուրջ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի արդյունքում ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը: Այս մասին հայտնում է Factor.am-ը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

 

Լրատվականի տեղեկություններով` հանդիպմանը հաջորդած օրերի ընթացքում քննարկվել և բանակցվել է Ֆրանսիայի կողմից առաջարկված ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ: Երկար բանակցությունների արդյունքում հաջողվել է ստանալ ՄԱԿ ԱԽ անդամների կողմից փոխհամաձայնեցված հայտարարության տեքստ: Նախօրեին տեքստում որոշ ձևակերպումների հետ համաձայն չեն եղել Ալբանիան ու ԱՄԷ-ն, բայց նրանք նույնպես, ի վերջո, համաձայնել են: Ռուսաստանի Դաշնությունը, սակայն, ըստ էության, տապալել է հայտարարության ընդունումը՝ վերջին պահին առաջարկելով մի շարք նոր փոփոխություններ՝ հստակ հաշվարկով, որ մյուս անդամների կողմից դրանք չեն ընդունվի, ինչը և տեղի է ունեցել:

 

 Մեր դիվանագիտական աղբյուրը շեշտեց, որ ռուսական կողմը նման առաջարկ արել է վերջին պահին, երբ մյուս պետություններն արդեն համաձայնության էին եկել։ Առայժմ չի մանրամասնվում, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։ Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այս տեղեկությունների վերաբերյալ փոխանցեց.

 

 «Այս առումով մանրամասն տեղեկատվության չեմ տիրապետում, քանի որ հայտարարություն ընդունելու մասին քննարկումները ընթանում են ԱԽ անդամների միջև, իսկ Հայաստանը ԱԽ անդամ չէ: Ամեն դեպքում կարող եմ նշել՝ ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարություն, որի նախագծի առաջարկի մասին ասել էր Ֆրանսիայի ներկայացուցիչը դեկտեմբերի 20-ի հանդիպման ժամանակ, այս պահի դրությամբ չկա»։ 

 

Նշենք, որ թեև ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունման համար չկա վերջնաժամկետ, սակայն Ֆրանսիայի առաջարկած և բոլոր երկրների հետ համաձայնեցված հայտարարության նախագծում փոփոխություններ անելու պահանջով Ռուսաստանը, ըստ էության, տորպեդահարում է գործընթացը և ՄԱԿ ԱԽ նախագահողի կողմից հայտարարության ընդունման հավանականությունը հասցնում զրոյի։ Հիշեցնենք` ՄԱԿ ԱԽ-ն դեկտեմբերի 15-ին Հակաստանի դիմումի հիման վրա Լաչինի միջանցքի փակ լինելու հարցով նիստ էր հրավիրել, որտեղ անդամ պետությունները ելույթների մակարդակով կոչ էին արել Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհը բացել։ Ադրբեջանն այն փակ է պահում արդեն 19 օր։

Քաղաքականություն

Պատահարներ