Եկատերինբուրգում կալանավորվել են Լաչինի միջանցքը բացելու պահանջով հավաք կազմակերպած հայերին
Ապօրինի հավաք կազմակերպելու մեղադրանքով Եկատերինբուրգում ձերբակալել են տեղական հայկական համայնքի ղեկավար Մասիս Նազարյանին և ակտիվիստ Էլեն Կիրակոսյանին, ովքեր հունվարի 23-ի բողոքի ակցիայով պահանջել են բացել Լաչինի միջանցքը: Ռուսաստանի հայերի միությունն այդ ձերբակալությունն անվանել է «քաղաքական սադրանք»:
Եկատերինբուրգի հայերը հունվարի 23-ին՝ եկեղեցու պարսպապատ տարածքում, կազմակերպել են Արցախի հետ համերաշխության հավաք և պահանջել են բացել Լաչինի միջանցքով անցնող ճանապարհը: Ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ:
Այդ հավաքից հետո տեղական ոստիկանությունը կազմել է արձանագրություն, որում նշել է, որ «Նազարյանը և Կիրակոսյանը կազմակերպել են իշխանությունների հետ չհամաձայնեցված հանրային միջոցառում»: Երկուսն էլ կալանավորվել են 5 օրով:
Ռուսաստանի հայերի միությունը դատարանի որոշումն անվանել է «ցուցադրական խիստ պատիժ»:
«Մենք այդ վճիռը համարում ենք տեսականորեն պայթյունավտանգ քաղաքական սադրանք, դրա նպատակն է հակահայկական տրամադրություններ հրահրել ռուսաստանյան հանրության շրջանում և հակառուսական տրամադրություններ՝ հայկական հանրության շրջանում», - հայտարարել է Ռուսաստանի հայերի միությունը: