Երկու փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. Գոռ Աբրահամյան

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, ի պատասխան լրատվամիջոցների բանավոր հարցումներին, անդրադարձել է փաստաբանների նկատմամբ բռնության դեպքին:

 

 

ՀՀ քննչական կոմիտե փաստաբանի կողմից ստացվել է հաղորդում՝ 2023 թվականի փետրվարի 9-ին քրեական մի վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողության ժամանակ մի խումբ անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, իր և գործընկեր այլ փաստաբանի՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին։

 

Միևնույն ժամանակ նաև ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցների կողմից հաղորդում է ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:

 

Նշված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Երկու փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Սկսված նախաքննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքներն օբյեկտիվ քննությամբ պարզելու, դրան մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Քաղաքականություն

Պատահարներ