«Թող հանելուց առաջ երեխաներին նկարահանեին, հասկանայինք՝ ինչ դիրքում են եղել». հրդեհից զոհված զինվորի ծնող

 Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված շարքային զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը չի հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ հրդեհն անփութության հետեւանք է եղել։

 

Զոհված զինծառայողի հայրը Nеws.am-ի հետ զրույցում անդրադառնալով զինծառայողների՝ ննջասենյակի տարբեր հատվածներում հայտնաբերելու մասին Դատախազության հայտարարությանը, ասաց. «Ինձ համար իրենց խոսքն արժեք չունի: Ես մի քիչ հավատում եմ տեղերում պառկած լինելուն, որովհետեւ եթե իրենք ոտքի վրա լինեին կգտնեին ելք կացարանից դուրս գալու համար»:

Գաբրիել Կիրակոսյանը շեշտեց, որ հավատում է միայն փաստերին. «Եթե երեխաներին իրենք այդտեղից հանում էին, ո՞վ է այդ հրամանը տվել երեխաներին հանելու, թող հանելուց առաջ երեխաներին տեսանկարահանեին, որպեսզի այս հակասական հայտարարությունները չլիներ, հասկանայինք՝ երեխաներն ինչ դիրքում են եղել»:

 

Ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

 

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

 

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են 4 զինվորական, որոնցից երկուսը կալանքի տակ են, մեկը՝ դեպքից տուժել է եւ բուժումը ստանում է հիվանդանոցում, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց ՝ ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշենք, որ 19-ամյա Հայկը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր։ Նա ընտանիքի ավագ զավակն էր, քույր ու եղբայր ունի։ Հունվարի 24–ին կլրանար նրա ծառայության մեկ տարին։

Քաղաքականություն

Պատահարներ