Ինձ կբացատրե՞ք՝ այդ «կուռաժիտ» լինելը. երիտասարդ կին է մահացել՝ 31 շաբաթական հղիությամբ. Սոնա Մնացականյանի հայր

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի եղբայրը պնդում է, թե նա չէր կարող ավտոճանապարհի մեջտեղում կանգնեցնել ավտոմեքենան, ճանապարհ է տվել, որ ավտոշարասյունն անցնի։ Այս մասին Նավասարյանի եղբայրը հայտարարել է այսօր՝ դատական նիստի ընթացքում։

 

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով դատական նիստը։

 

Այսօր հարցաքննվել է ամբաստանյալ Արամ Նավասարդյանի եղբայրը, որը նույնպես ոստիկանության ծառայող է։ Վերջինս պատմել է, որ դեպքի օրը ծառայություն էր իրականացնում Արմաշ գյուղի հատվածում, քանի որ ընդդիմադիր ներկայացուցիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, Տիգրանաշեն գյուղից ոտքով իջնում էին դեպի Արմաշ, տեղեկություններ կային, որ կարող է քաղաքացիներն իրենց ընդդիմանային և ինքը կազմակերպել է, որ այդ խանգարելը չլինի։

 

Նա պատմեցլ է, որ այդտեղ ծառայության էր, երբ եղբայրը զանգեց՝ հայտնելով դեպքի մասին։ Կոնկրետ ժամը վկան չհստակեցրեց՝ նշելով, որ նախաքննության ընթացքում հայտնել էր, քանի որ հեռախոսում այդ ժամանակ դեռևս պահպանված էր, այժմ հստակ ասել չի կարող։ Դեպքի մասին իմանալուց հետո զեկուցել է Արտաշատի ոստիկանությունում վարչության պետին, ապա՝ մեքենայով տեղափոխվել Երևան։

 

«Ասեցի՝ ես գամ դեպքի վայր, ասաց՝ ոչ, ես արդեն դեպքի վայրում եմ, «Նաիրի» ԲԿ եմ բարձրանում, երեխուն բերում են այդտեղ»,-ասել է վկան՝ պատմելով, որ եղբորն առաջարկել էր զանգել իրեն ծանոթ բժշկին, սակայն ի պատասխան ամբաստանյալն ասել էր, որ արդեն զանգել է։

 

Ասլանյանի հարցին, թե ինչ տեղեկություններ ունի վրաերթից հետո եղբոր գործողություններից՝ վկան պատասխանել է. «Գիտեմ, որ բարձրացրել է վերև, որտեղ հնարավոր է եղել մեքենան կանգնացնելու, քանի որ ինքը նաև տեղ է տվել իր հետևից անցնող շարասյանը, չէր կարող շոշի մեջտեղում կանգներ, կանգնեցրել է, շարժվել այն ժամանակ, երբ բոլորը գնացել են, ապա շտապօգնությունը եկել է եւ շտապօգնության մեքենայի հետևից շարժվել է դեպի ԲԿ։ Քանի որ լարված իրավիճակ էր ու շատ լավ գիտենք, թե ինչ ժամանակներ էր, ինքը որոշում է կայացրել իջնել, համազգեստը փոխել և դեպքի վայր գնալ»։ 

 

Ասլանյանն արձանագրել է վկայի ցուցմունքի հակասությունը՝ գործում առկա տվյալների հետ՝ նշելով, որ գործում առկա տեսագրության տվյալների՝ ավտոմեքենան կանգնում է, հետո շարժվում է և այդ պահին դեռևս շտապօգնության մեքենա չի անցել, մինչդեռ, վկան հակառակն է ասում։

 

Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք տուժող կողմին վնասի հատուցում տրամադրվել է, ինչին ի պատասխան ամբաստանյալի եղբայրը նշեց, որ բազմիցս մոտեցում են ցուցաբերել, սակայն տուժող կողմը հրաժարվել է ընդհանրապես զրուցել։

 

«Ես ներկա եմ եղե՛լ և՛ հոգեհանգստի, և՛ հուղարկավորության արարողությանը՝ կարճ ժամանակով, դրանից հետո մոտեցել եմ, բայց բժիշկը՝ Մնացականյանը, չի ցանկացել»,- նշել է նա՝ հավելելով, որ մեղադրյալը չի մասնակցել արարողությանը։

 

Տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդը՝ հայրը, հայտարարությամբ հանդես եկավ. «Ախր ես չեմ հասկանում էլի։ Գնացել եմ տուն ու ինձ չեմ ներում։ Դուք հիշու՞մ եք ինչ էր ասում տեսուչը, թե ժողովուրդը լարված էր, ուզում էր ինձ մոտենալ, ռիսկ չարեց ու «կուռաժիտ» անելով։ Այս մարդկանց մեջ բարոյականությու՞ն չկա։ Այսպես ինքնավստահ գալիս գնում են, ինձ կբացատրե՞ք՝ այդ ինքնավստահությունը, շարժուձևը. «կուռաժիտ» լինելը։ Երիտասարդ կին է մահացել՝ 31 շաբաթական հղիությամբ»։

 

Մանրամասները` կայքում։

Քաղաքականություն