ՄԱԿ-ը կոչ է անում 1 միլիարդ դոլար հատկացնել Թուրքիային` երկրաշարժից տուժածներին օգնելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հինգշաբթի հայտարարել է Թուրքիայում հզոր երկրաշարժից տուժած մարդկանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար 1 միլիարդ դոլար հավաքելու անհրաժեշտության մասին։ 

 

«Այսօր ՄԱԿ-ը կոչ է անում 1 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Թուրքիայի բնակչությանը, որը տուժել է վերջին հարյուրամյակի ամենաավերիչ երկրաշարժից»,- նշվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։

 

Ըստ հայտարարության` այդ միջոցները կօգնեն երեք ամսվա ընթացքում օգնություն տրամադրել 5,2 միլիոն մարդու և արագացնել մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը Թուրքիայում։

 

«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը ակտիվացնել ջանքերը մեր ժամանակների ամենամեծ բնական աղետներից մեկի հետևանքների դեմ պայքարելու համար», - նշվում է հայտարարության մեջ:

 

Փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են մի շարք հետցնցումներ, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։  Այս երկրաշարժը հանգեցրել է լուրջ ավերածությունների ու զոհերի հարեւան Սիրիայում։

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 35,4 հազարը։

Քաղաքականություն