«Խնդիրը լուծելու համար սեղանին առաջարկ կա»․ Շառլ Միշել

ԵՄ-ում հուսով են, որ Չինաստանը կարևոր դեր կխաղա Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում և դրական ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա: Նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատասխանելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյի՝ Ռուսաստան, Ուկրաինա և եվրոպական երկրներ ուղևորության վերաբերյալ հարցին: Այդ մասին տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

 

«Մենք անկեղծորեն հուսով ենք, որ Չինաստանը դրական դեր կխաղա (Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում)», – երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Միշելը:

 

Միշելի կարծիքով՝ Պեկինը կարող էր Մոսկվային համոզել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և «հարգել ՄԱԿ-ի կանոնադրությունը»։

 

Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Չինաստանն այս դեպքում կարող է կարևոր դեր խաղալ Ռուսաստանի վրա ունեցած իր ազդեցության պատճառով։ Նրա կարծիքով՝ կարգավորման հարցում առաջին հերթին հարկավոր է լսել ուկրաինական կողմին։

 

«Խնդիրը լուծելու համար սեղանին առաջարկ կա: Սա նախագահ Զելենսկիի առաջարկն է, և սրանք այն հիմքերն են, որոնց վրա մենք պետք է աշխատենք», – ասել է ֆոն դեր Լայենը:

Քաղաքականություն