Հայաստանում ԱՄՆ դեսպանը անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման ամենակարևոր հավաքական իրավունքը․ Արտակ Բեգլարյան

Ցավում եմ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման ամենակարևոր հավաքական իրավունքը և, կարծես թե, չի հասկանում կամ չի հետաքրքրում ադրբեջանական էթնիկ զտումների քաղաքականությունը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը․

 

«Պարզ է, որ ոչ մի անվտանգություն կամ իրավունք չի կարող երաշխավորված լինել Ադրբեջանի բռնապետական հպատակության ներքո, և նման սխալ հայտարարությունները միայն խրախուսում են հետագա հանցագործությունները:

 

Հ.Գ. Շնորհավոր ԱՄՆ Անկախության օրը, տիկին դեսպան: Այս խորհրդանշական օրը թույլ տվեք բավականաչափ խիզախ գտնվել՝ հարցնելու Ձեզ, թե ինչու ամերիկացիները չկարողացան անվտանգություն և իրավունքներ գտնել բրիտանական գաղութատիրական կառավարման ներքո, չնայած նրանք ունեին նույն էթնիկ և կրոնական ծագումը և ԱՄՆ-ում բնիկ չէին՝ ի տարբերություն Արցախի ժողովրդի:

 

Հաշվի առնելով ԱՄՆ-ի պատմությունը, արժեքները և ազատությունների ու իրավունքների շեշտադրումը՝ բնական է թվում, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի հայրենի հողում սեփական ազատությունների և իրավունքների իրացման համար Արցախի ժողովրդի պայքարին:

 

Բրիտանիան ավելի վատը չէր, քան Ադրբեջանն է, և ամերիկացիներն ավելի լավը չէին, քան արցախցիներն են», - նշել է Բեգլարյանը:

Քաղաքականություն

Պատահարներ