«Բանակում երեխա չկա, կա զինվոր». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր դպրոցները պետք է ունենան բավարար հոգեբանական պատրաստություն ամենատարբեր փոփոխությունների համար, որոնք անկանխատեսելի են, և ֆիզիկական պատրաստվածության չափանիշներ։ Այս մասին նա այսօր ասաց Կառավարության նիստի ժամանակ:

 

«Պետք է ժամանակ առ ժամանակ դպրոցներում հոգեբանական թեստեր անենք ու հասկանանք, թե մեր աշակերտների հոգեբանական պատրաստվածությունը ինչ վիճակում է և ինչ պետք է անենք, ֆիզիկական պատրաստվածության համար էլ պետք է օբյեկտիվ չափանիշներ լինեն, օրինակ, թե քանի անգամ է ձգում արել։ Պետք է համագործակցել նաև Առողջապահության նախարարության հետ, որովհետև, օրինակ, քաշի նորմատիվների հետ կապված խնդիրները դպրոցը պետք է պահի ուշադրության կենտրոնում։ Սա կապ ունի հոգեբանական վիճակի հետ։ 21-րդ դարի մարդու համար անիմաստ ուտելը հոգեբանական խնդիրը հաղթահարելու միջոց է։ Երեխաների ճարպակալումը միջազգային օրակարգում ներառված է որպես լրջագույն խնդիր»,- ասել է նա։

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հստակ գծել է պետք երեխայի սահմանը, որտեղ է ավարտվում երեխան, ու որտեղ է սկսվում հասուն մարդը։

«Մեր օրենսդրությամբ 18 տարին լրացած անձը համարվում է չափահաս, բայց սոցիալ-հոգեբանական մակարդակում մենք այդ խնդիրը չենք լուծում։ 

 

Օրինակ՝ դուք գիտեք, որ ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայությունը գործում է 18 տարեկանից, բայց վաղուց ականջս ծակում է, որ գրեթե համատարած բանակում ծառայող զինվորների մասին խոսում են՝ երեխաներ ասելով։ Մենք այդ մարդուն երկրի անվտանգության ապահովման ֆունկցիան ենք դրել, բայց ասում ենք՝ երեխա։ Եկեք կողմնորոշվենք՝ եթե երեխա է, ուրեմն չպետք է զորակոչվի բանակ։ Մենք պետք է արձանագրենք մի բան․ բանակում երեխա չկա, կա զինվոր։ Սա բազմաթիվ իրադարձությունների շղթան է, որ մեզ բերել է այս քննարկումներին։ Առաջիկայում ՊՆ-ում էլ այս հարցը կքննարկենք»,- ասել է նա։

 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ հանրակրթության նոր չափանիշների ներդրմամբ թե՛ ֆիզիկական պատրաստվածության, թե՛ հոգեբանական ծառայության չափորոշիչները նույնպես լինելու են դպրոցներում։

 

«Օրինակ՝ ֆիզկուլտուրա առարկայի չափորոշիչներով հստակեցվում են, թե որ տարիքում ինչ պետք է անեն։ Վաղվանից նաև բոլոր դպրոցներում պարտադիր է դառնում հոգեբանի ծառայությունը։ Զինծառայությունից բացի՝ մենք 12-րդ դասարանը ավարտած չափահասներ ենք ունենում, որոնք հասուն մարդիկ են ու կարող են բոլոր գործառույթները հավասարաչափ դրսևորել։ Պետք է փոխենք մոտեցումներն ու վերաբերմունքը դեռահաս երեխաների նկատմամբ։ Այդ պատճառով է, որ փորձում ենք կրթությունը դարձնել հորիզոնական, իսկ ուղղահայաց կրթության ժամանակ ուսուցիչը ասում է, երեխան՝ լսում, բայց պետք է երկուսն էլ միմյանց լսեն»,- ասել է Անդրեասյանը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ