ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը տիկնոջ հետ, ներկա է գտնվել Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյան տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է գտնվել Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացմանը, որն այս տարի անցկացվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում:  Միջոցառմանը ներկա են եղել նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և այլք:

 

Վարչապետը ողջունելով ներկաներին՝ նշել է, թե ինչու է Կառավարությունը հետաքրքրված նման միջոցառումներով:

 

«Գիտեք, Հայաստանում, որպես կանոն, գյուղատնտեսություն բառն ասոցացվում է հիմնականում չարչարանք բառի հետ: Եվ անընդհատ լսում ու տեսնում ենք, որ մեր սիրելի գյուղացիները շատ մեծ ֆիզիկական աշխատանք դնելով, նյարդ դնելով, ի վերջո, կանգնում են հետագա խնդիրների առաջ և այդ շրջապտույտից դուրս գալ չեն կարողանում:

 

Ո՞րն է այս ոլորտում մեր քաղաքականությունը: Մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ գյուղատնտեսությունն ասոցացվի արդյունավետություն, բարեկեցություն, գեղագիտություն, առողջություն և առողջ ապրելակերպ հասկացությունների հետ:

 

Նման միջոցառումները մեզ համար կարևոր են, որովհետև այս հարցերի պատասխանն աշխարհի բազմաթիվ երկրներ տվել են: Գյուղատնտեսության ոլորտում թեև ունենք որոշակի կղզիներ, որտեղ ահա այս հասկացությունները համադրված են, բայց ցավոք, դա Հայաստանի Հանրապետությունում դեռևս համատարած երևույթ չէ:

 

Եվ մենք նման միջոցառումներով, տեսարաններով փորձում ենք այս օրակարգն ընդգծել և նորից ընդգծել, որ ընդհանրապես մեզնից որևէ մեկի համար սովորելու մեջ ոչ մի անպատվաբեր բան չկա: Ես, օրինակ, ամենատարբեր բաներ սովորում եմ հենց նպատակային, որովհետև գիտեմ, որ դա կամ չգիտեմ, կամ լավ չգիտեմ: Նույնիսկ Սոկրատեսն էր ասում՝ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, աշխարհի պատմության ամենահայտնի փիլիսոփաներից մեկը: Ոչ մի ամոթ բան չկա նրանում, որ մեզնից յուրաքանչյուրն ասի, որ ես գիտեմ, որ շատ բան չգիտեմ, և հետևաբար, եթե շատ բան չգիտեմ, ի՞նչ պետք է անեմ, պետք է գնամ այդ գիտելիքի հետևից:

 

Եվ Կառավարության նպատակն է, առաջինը՝ այս ընկալումը քաջալերել մեր քաղաքացիների մեջ, և երկրորդը՝ ստեղծել հնարավորություններ, պայմաններ, որովհետև կարող է շատ քաղաքացիներ կան, ովքեր ուզում են իրենց չիմացածը լրացնել, բայց դրա համար չկան հնարավորություններ, չկան ենթակառուցվածքներ, չկան հարթակներ: Եվ ահա նման հարթակների գոյությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք այսօր մի հակասություններ և հակադրություններ ունենք երկրում: Մի կողմից մեր Ագրարային համալսարանը ուսանողների շրջանում, ցավոք, մեծ հետաքրքրություն չի առաջացնում, մյուս կողմից մեր շատ տնտեսություններ՝ ինտենսիվ այգեգործության ոլորտի ժամում 700-800 եվրո աշխատավարձով գյուղատնտեսներ են հրավիրում Եվրոպայից, և շատ դեպքերում օնլայն աշխատանքի համար են այդքան վճարում:

 

 Ես ուզում եմ այս հանդիպումը ողջունել, որովհետև նաև առողջության մասին խոսեցի: Մենք շատ հաճախ չենք տեսնում կապը մեր բնակչության առողջական պրոբլեմների և գյուղատնտեսության մեջ: Տեսեք, այն ընկալումը, որ ինչքան շատ պարարտանյութ տանք՝ այնքան մեծ լինի եւ շատ, կարող է ֆիզիկապես տեղի ունենալ, բայց դա իր հետևից բերում է հետևանքներ: Եվ ժամանակակից աշխարհում միտումներ կան զարգացնելու օրգանիկ գյուղատնտեսությունը, առողջ գյուղատնտեսությունը: Եվ սննդի անվտանգությունը նույնպես մեզ համար խնդիր է»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այստեղ լուրջ խնդիրներ ունենք:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով, սա չի կարող լինել գյուղացու, քաղաքացու, իշխանության, ընդդիմության՝ առանձին վերցրած պրոբլեմը: Սա բոլորինս է, որովհետև մեր շուկաներից և խանութներից այդ ապրանքը գնում է բոլորի տուն՝ և՛ ընդդիմադիրների, և՛ կառավարության համախոհների, և՛ չեզոքների, և՛ քաղաքականացվածների, և՛ չքաղաքականացվածների: Հետևաբար, սրանք գլոբալ խնդիրներ են, և սրանց նկատմամբ մեր ուշադրությունը բավարար չէ:

 

«Հաջորդը՝ չարչարանքի հատվածը. շատ կարևոր է, որ ժամանակակից այգիները ոչ միայն աշխատանքի վայր են, այլև հանգստի, որովհետև երբ մարդը տեսնում է իր աշխատանքի գեղագիտական պատկերը, դա նրան նոր էներգիա է տալիս, իհարկե եկամուտների հետ համատեղ: Մենք էկոնոմիկայի նախարարությունում գյուղատնտեսության ոլորտի մեր գործընկերների առաջ արդեն երկար տարիներ դնում ենք խնդիր, որ յուրաքանչյուր գյուղացի իր ստացած բերքի ինքնարժեքն իմանա, ողջ տեղեկատվությունն իմանա: Որովհետև հարցը հասնում է մթերումներին և տարբեր գներ ենք քննարկում, մենք չգիտենք այդ գներն ինչի համեմատ ենք քննարկում: Երբ մենք ունենանք ինքնարժեքների հաշվարկման հստակ բանաձևեր՝ կիմանանք՝ մթերման համար առաջարկվող գինը շատ է, քիչ է, ինչքան շահույթի մարժա կա դրա մեջ, Կառավարությունն ինչքան պիտի օգնի: Եվ դրանք Կառավարության համար է կարևոր, որովհետև մեր աջակցության շատ ծրագրերով փողը ծախսվում է, բայց մենք տեսնում ենք, որ դրանից մեծ արդյունքներ չկան: Այս պահին ինչ-որ խնդիր ենք լուծում, անցանք, այս էլ անցանք, մյուս տարի գիտենք նույն պրոբլեմի առաջ ենք կանգնելու:

 

Այսօր առաջին հերթին տոն է, բայց տոնը նաև հանդիպում է, տոնը նաև խոսակցություն է, տոնը նաև փորձի փոխանակումն է: Եվ ես ուզում եմ հավատալ, որ նման միջոցառումներով  գյուղատնտեսության ժամանակակից մեթոդների, ձևերի նկատմամբ մեր հանրային ընկալումներն ավելանում են, և շատ կարևորում եմ, որ երեխաները տեսնեն դա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը հավելել է, որ դպրոցներում երեխաները պետք է ներգրավված լինեն տարածքի բարեկարգմանը, հողատարածքները պետք է ոչ միայն մշակվեն, այլև մշակվեն ժամանակակից գիտելիքով, որպեսզի դա ոչ թե լինի երեխայի ֆիզիկական ուժի շահագործում, այլև երեխային իր հետագա կյանքին պատրաստելու գործընթաց: «Ի վերջո, բուսաբանություն են անցնում դպրոցներում: Մենք դպրոցներում նաև ջերմոցային փոքրիկ հատված ենք ստեղծում:

 

Սա շատ կարևոր ուղղություն է, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսությունը միայն հողը մշակելու մասին չէ, սա մտածելու ձևերի մասին է: Մենք մտածողության մեր ձևերը ոչ թե պետք է փոխենք, այլ  թարմացնենք, որովհետև աշխարհը փոխվում է:Մտածողությունն էլ ծրագիր է:

 

Շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում եմ Հայաստանի բոլոր գյուղացիական տնտեսություններին, ֆերմերներին ավելի ու ավելի առատ բերք և արդյունավետ աշխատանք»,- ասել է վարչապետը:

Ամենամյա բերքի փառատոնի նպատակն է դրական փոփոխությունների միջոցով նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը:

 

Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները և տարբեր կազմակերպություններ ու հնարավոր ներդրողներ հանդիպում են՝ փորձի փոխանակման՝ համագործակցության և  նոր շուկաներ գտնելու նպատակով: Յուրաքանչյուր տարի փառատոնին մասնակցում են շուրջ 200 ֆերմերներ և ֆերմերային խմբեր:

 

Փառատոնն ուղեկցվում է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով:

 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ