Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք. Պյոտր Սվիտալսկի
Եվրամիությունը կշարունակի բազմաբնույթ ծրագրեր իրականացնել Հայաստանում. մշակված ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանի 3 հյուսիսային մարզերում` Շիրակ, Լոռի եւ Տավուշ: Դրանք բազմաբնույթ են եւ ներառում են տուրիզմի, տեղեկատվության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներ: ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը կաջակցի նաեւ հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ճամանակ նշեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Հայաստանի կառավարության հետ Եվրամիությունը կնքել է այսպես կոչված «շրջանակային» համաձայնագիր: Այդ համաձայնագրով նախատեսված են հիմնական ուղղությունները, որոնցով Եվրամիությունը պետք է Հայաստանին աջակցություն տրամադրի, եւ որոշ ժամանակ անց կհատկորոշենք կոնկրետ այն ծրագրերը, որոնք Հայաստանի կառավարություն հետ համատեղ իրականացնում ենք Հայաստանի 3 հյուսիսային մարզերում: Հուսով եմ որ լավ գաղափարներ, լավ ծրագրեր կներակայացվեն»,-նշեց դեսպանը՝ կարեւորելով հենց այդ մարզերի բնակչության կողմից ներկայացվող ստեղծարար ծրագրերը: Եվրամիության կողմից տրամադրվող գումարի մեծ մասը ուղղվելու է բիզնես գաղափարների ֆինանսավորմանը՝ մասնավորապես, փոքր բիզնես ձեռնարկությունների ծրագրերի իրականացմանը: «Հետեւաբար, ակնկալում ենք, որ բոլոր ներգրավված կողմերը կներկայացնեն լավ գաղափարներ. խոսքը միայն զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների մասին չէ, մենք նախաձեռնել ենք նաեւ ֆինանսավորում այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են ստեղծարար արդյունաբերությունը, մշակույթը: Միաժամանակ կշարունակենք իրականացնել նաեւ այն ծրագրերը, որոնք սկսել ենք. օրինակ՝ դահուկային եւ բրդի վերամշակման կենտրոնների ծրագրերը»,- նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը: Եվրամիությունը կշարունակի նաեւ աջակցել Հայաստանին հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու գործում: «Այդ ուղղությամբ աջակցություն տրամադրելու ենք՝ հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն հաստատել է իր գործողությունների ծրագիրը, եւ այնտեղ կան համատեղ քայլեր, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը: Մենք հավատացած ենք, որ նոր Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք: Բայց այդ նախաձեռնությունն, անշուշտ, պահանաջում է հանրության կողմից աջակցություն եւ՛ ինստիտուցիոնալ, եւ՛ օրենսդրական կառույցների առկայություն»,- ընդգծեց Սվիտալսկին:

Քաղաքականություն