Վերաքննիչն ուժի մեջ է թողել Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանում քննվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին 50 մլն դրամ գրավով ազատելու դեմ դատախազության բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը մերժել է մեղադրող կողմի բողոքը և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասել է, որ մեղադրողը դիրքորոշում է հայտնել, որ վերաքննիչ բողոքը չի պնդում, քանի որ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է և քննության ներկա փուլում նվազել են նախաքննությանը խոչընդոտելու ռիսկերը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 30-ին որոշում էր կայացրել բավարարել Վաչագան Ղազարյանի պաշտպանների միջնորդությունն ու նրան 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով:

Քաղաքականություն