Էնքան բախտավոր ենք եղել, որ չի պայթել, աշակերտներն այդ հատվածով են գնում-գալիս. այրված «ՈւԱԶ»-ի տերը դեպքից մանրամասներ է պատմել

ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ բացելու հետեւանքով բնակիչներից Երջանիկ Քոչարյանի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան է այրվել։ NEWS.am-ի հետ զրույցում բնակիչը պատմեց, որ դեպքի ժամանակ եղել է Ստեփանակերտում։

 

«Տաքսիով եմ գնացել։ Մեքենաս բակում կանգնած է եղել։ Կրակել են, կպել է գազի բալոնին, հետեւի դռնով էլ դուրս է եկել։ Ռուս խաղաղապահներն ու ոստիկաններն են եկել, քիչ առաջ մեքենան տարել են իրենց մոտ»,- պատմեց բնակիչը։

Երջանիկ Քոչարյանի խոսքով՝ իր տունը դպրոցին եւ մանկապարտեզին մոտ է, երեխաները հիմնականում տան բակով են գնում-գալիս. «Էնքան բախտավոր ենք եղել, որ չի պայթել, որովհետեւ դպրոցի երեխեքն այդ հատվածով են գնում-գալիս։ Մանկապարտեզը, տունն ու դպրոցը մեկ շարքով են»։

Նշենք, որ Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:

 

Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում եւս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տեւած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:

Քաղաքականություն

Պատահարներ