Նյու Յորքում բազմաբնակարան շենք է հրդեհվել. զոհերի թվում կա 9 երեխա

 Առնվազն 19 մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ տուժել Նյու Յորքի Բրոնքս շրջանում գտնվող բազմահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով։ BBC-ն գրում է, որ զոհերից 9-ը երեխաներ են, գրում է Հետքը։

 

Սա վերջին տասնամյակներում այդ քաղաքում տեղի ունեցած ամենաուժեղ հրդեհներից մեկն է։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ բնակելի շենքը այրվել է կիրակի առավոտյան՝ ժամը 11:00-ին։ Հրշեջները դեպքի վայր են ժամանել կանչը գրանցելուց երեք րոպե անց։ Կրակը փորձել է հանգցնել ավելի քան 200 մարդ։

 

Զոհերը հայտնաբերվել են բնակելի շենքի բոլոր հարկերում։ Նրանցից շատերը, հավանաբար, մահացել են շմոլ գազի թունավորումից։ Ընդհանուր առմամբ տուժել է 60 մարդ, նրանցից 32-ը հոսպիտալացվել են։ «Հրշեջ խմբի անդամները տուժածներին գտել են յուրաքանչյուր աստիճանի մոտ»,- տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հրշեջ ծառայության բաժանմունքի ներկայացուցիչ Դանիել Նիգրոն։

 

Քաղաքային հրշեջ ծառայությունը հայտնել է, որ 19 հարկանի շենքում հրդեհի առաջացման պատճառ է դարձել անսարք էլեկտրական վառարանը։ «Ներկայում հայտնի է 19 մարդու մահվան մասին, շատերը գտնվում են կրիտիկական վիճակում»,- CNN-ին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը։

Դանիել Նիգրոյի խոսքով՝ ծուխը տարածվել է շենքի բոլոր հարկերում այն պատճառով, որ բնակարանի դուռը, որտեղ սկսվել է հրդեհը, բաց է եղել։ Արդյունքում, շենքի մի շարք բնակիչներ թունավորվել են շմոլ գազից՝ փորձելով լքել այն։

Ավելի վաղ, Ֆիլադելֆիայի շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել էր 12 մարդ՝ ներառյալ 8 երեխա։ 2021 թվականին Նյու Յորքում հրդեհի զոհ է դարձել ավելի քան 70 մարդ։

Պատահարներ