Ադրբեջանցիներին չի հետաքրքրում հանքավայրերը, նրանք ուզում են հպատակեցնել արցախցիներին. Սարգսյան

 Ադրբեջանը ցանկություն ունի հպատակեցնելու Արցախը և արցախցիներին, բայց ես վստահ եմ, որ սա նրանց չի հաջողվելու:Այս մասին ակցիայի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը.

 

«Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերել են բացառիկ կամք՝ դժվարություններին և արհավիրքներին դիմակայելով, այս անգամ էլ են դիմակայելու, բայց հարց է՝ ի՞նչ գին ենք վճարելու, ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, թե ինչպե՞ս կկարողանան կազմակերպել այդ մարդկանց դժվարությունների հաղթահարման ուղին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

 

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները մեղադրանքի սլաքներն ուղղում են դեպի ռուս խաղաղապահները՝ Սերժ Սարգսյանն արձագանքեց.

«Որևէ մեկը չի կարող մեր փոխարեն կռվել, որևէ մեկը մեր փոխարեն չի կարող բարդ խնդիրներ լուծել։ Այո՛, մենք ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց նրանք բոլորը կարող են իրենց պայմանագրային պարտականությունները կատարել, եթե մենք անենք դա։ Եթե մենք չանենք, ուրիշն ինչու պետք է գա մեր փոխարեն մեր հարցերը լուծի։ Որքան էլ նրանք լինեն մեր դաշնակիցները, իրենք չեն կարող ամեն ինչ անել մեր փոխարեն»։

 

Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի կառավարիչները չեն կարող լուծել Արցախի ճակատագիրը.

«Նրանք չեն կարող վճռել, թե ինչ է լինելու։ Ակնհայտ է, որ նրանք ուղղակի ձեռքերը լվացել են Արցախից։ Նրանք հրաժարվել են պաշտպանել այդ մարդկանց բնական իրավունքը։ Խնդիրը լուծվելու է այնպես, ինչպես լուծվեց 30 տարի առաջ։ Մենք հասնելու ենք դրան»։

Քաղաքականություն