Մառախուղի պատճառով Արմավիր տանող ճանապարհին քաղաքացիներ էին մոլորվել. ԱԻՆ-ը զգուշացնում է

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 22։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ավտոճանապարհին մառախուղի պատճառով քաղաքացիներն ավտոմեքենայով մոլորվել են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Նոր Ամանոս գյուղի մոտակայքում հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, վարորդին (Մ․ Կ․, ծնված 1964 թ․) և ուղևորին (Ա․ Հ․, ծնված 1965 թ․) ուղեկցել Արմավիր քաղաք:

 

Նշենք նաև, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արմավիրի և Արարատի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն