Հին Շենի բնակիչները ևս հումանիտար լուրջ խնդրի առջև են կանգնել

 Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն համայնքի բնակիչները ևս հումանիտար լուրջ խնդրի առջև են կանգնել: 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանն ասել է, որ եթե իրավիճակն այսպես երկար շարունակվի, ապա դեղորայքի խնդիր կունենան: «Գյուղում քիչ չեն տարեցները, ովքեր պետպատվերի շրջանակներում են ստանում անհրաժեշտ դեղորայքը, որը, սակայն, շուտով կվերջանա»,- տեղեկացրել է Սամվել Սարգսյանը: 

Համայնքապետի խոսքով՝ ադրբեջանցիների կողմից միջպետական մայրուղին փակելու հետևանքով ճանապարհին մնացած անձանց մի մասը տեղավորվել է Հին Շենում: «Բնակչությունն այս պահի դրությամբ պարենամթերքի պակաս գրեթե չունի: Գյուղում այս օրերին էլ գործում է առևտրի կետը: Միրգն էլ յուրաքանչյուրն իր այգուց հավաքածն է օգտագործում»,- հավելել է համայնքապետը՝ նշելով, որ Հին Շենի բնակիչները չեն ընկճվում և ամուր են կանգնած հայրենի հողին:

Պատահարներ