ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պահանջել է փաստեր ներկայացնել

 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պահանջել է փաստեր ներկայացնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության առնչությամբ, թե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին և միանալ միութենական պետությանը։

 

«Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ ընկերական մթնոլորտո՞ւմ, մի բաժակ կարմիր գինու շո՞ւրջ, թե՞ կոշտ է տեղի ունեցել այդ պարտադրանքը։ Դա պետք է հասկանալ։ Գոնե ինչ-որ փաստեր պետք է լինեն։ Եթե մարդիկ նման հայտարարություններ են անում առանց փաստեր ներկայացնելու, ընդ որում՝ կոնկրետ հիշատակում են երկիրը, բարի եղեք, դա ապացուցեք փաստերով»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։

 

Նրա խոսքով` նույնը կարելի է ասել նաև այն լուրերի համատեքստում, թե Մոսկվան Երևանին պարտադրում է իր վերահսկողությունից դուրս ինչ-որ միջանցք տրամադրել։

 

«Սա կեղծիք է, որը նույնպես բազմիցս ասվել է։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ուղիներ, այդ թվում՝ Հայաստանի հարավով երկաթուղային գծի շարժի վերականգնման հետ կապված հարցեր։ Այս աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չի վիճարկվում ոչ Երևանի, ոչ Բաքվի կողմից, այն է, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, ում տարածքով նրանք անցնում են», - ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ