Սուդանի հայկական եկեղեցին ռազմական թատերաբեմից 2 կմ է հեռու. ԶԼՄ

Սուդանում ընթացող ռազմական գործողությունները տեղի հայ համայնքին ու Սուդանի մայրաքաղաքում գտնվող Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն որևէ վնաս չեն պատճառել։

 

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Եգիպտոսի հայոց թեմի (Եթովպիա, Սուդան, Հարավային Աֆրիկա) առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը։

 

Սրբազանը մանրամասնել է, որ ռազմական գործողությունները հիմնականում տեղի են ունենում Սուդանի մայրաքաղաք Խարթումի օդանավաայանի տարածքում, որը հայկական եկեղեցուց գրեթե 2 կմ հեռու է։

 

«Մեր տեղեկություններով՝ ամբողջ գիշեր հրետակոծություն է եղել օդակայանի շրջանում,ձայները լսվել են ու լսվում են մինչև հիմա էլ։ Բարեբախտաբար, ռազմական գործողությունները քաղաք չեն հասել, և եկեղեցին չի վնասվել։ Բայց եթե դեպքերը զարգանան այնպես, որ քաղաք ներխուժեն, դա արդեն միայն հայկական եկեղեցու հարցը չէ, այլ ամբողջ քաղաքի խնդիրն է։ Հուսանք, դրան չի հասնի հարցը»,– նշել է զրուցակիցը։

 

Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը հայտնեց նաև, որ հայ համայնքը ներկա պահին ապահով է այնպես, ինչպես մայրաքաղաքի մնացած բնակչությունը։

 

«Բայց, եթե որևէ պարագայում անվտանգության խնդիր առաջանա, անշուշտ պետք է կազմակերպենք Կահիրեի մեր առաջնորդարանի և ազգային իշխանության միջոցով, որպեսզի առաջին օգնություն կամ ցանկացած այլ աջակցություն ցուցաբերենք մեր համայնքի անդամներին»,– ասել է նա։

 

Սուդանի համայնքը, Սրբազանի խոսքով, մեծաթիվ չէ։ Նախկինում շուրջ 1500 հոգանոց համայնքից այօր այդ երկրում 15-20 հայ է բնակվում։ Կան նաև Լիբանանից ու Սիրիայից տեղափոխվածներ, ինչպես նաև Հայաստանից ու այլ երկրներից ժամանակավոր աշխատանքի մեկնածներ։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ